Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը համալսարանը ծառայեցնում է որպես տղաների համար բանակից խուսափելու միջոց: Ըստ մեր տեղեկությունների` ուսանողներն ընդունվում են «մաղարիչով», միայն թե բանակ չգնան: Մեր աղբյուրների հավաստմամբ` Սաֆարյանը հավելյալ փող է վեցնում եւ ամեն ինչ անում է, որպեսզի տղաները զինված ուժերում չհայտնվեն:
Խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու համար զրուցեցինք Գորիսի համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանի հետ, ով վերջերս է կրկին ընտրվել այդ պաշտոնում: Մեր այն հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում մեր ունեցած տեղեկություններն այն մասին, որ համալսարանն օգտագործվում է որպես միջոց` տղաներին բանակից ազատելու համար, Սաֆարյանն ասաց. «Մեր համալսարանի 70 տոկոսն աղջիկներ են: Չէ՛, ընդհակառակը, մեր համալսարանը միակն ա, որ տղաները բանակում ծառայում են, կա նաեւ տարկետման իրավունք, բայց վերջին տարիներին համարա մեկ-երկու տոկոսն է, որ այդ իրավունքն ունի, մնացածը պարտադիր ծառայության էթում են»:
Անշուշտ, սպասելի էր, որ ռեկտորն ամեն կերպ արդարանալու է, թե իրենք նման բան չեն կարող անել, սակայն Գորիսում շատերն են տեղյակ համալսարանում տիրող «կարգ ու կանոնից»: Նշենք, որ Յուրա Սաֆարյանն առավել հայտնի դարձավ իր որդու հետ կատարված դեպքից հետո, երբ նրա որդի Արեգ Սաֆարյանն իր «Ռենջ ռովեր» ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել մի կնոջ, որը հիվանդանոցում մահացել էր: Սակայն Արեգն այսօր ազատության մեջ է գտնվում:
Փորձեցինք Սաֆարյանից տեղեկանալ, թե ինչ վիճակում է գտնվում այդ գործը. «Ինքը պատասխանատվություն կրել ա, չնայած որ Արեգը չի եղել մեղավոր, էքսպերտը ցույց ա տվել, որ էդ կնոջ վրա մեքենայի հետքեր չի էլ եղել, բայց իրան դատեցին որպես այդ գործը կատարող մարդ, ինքը պետականորեն ստացել ա իր պատիժը»: Մեր այն հարցին, թե ինչ պատիժ է Արեգը ստացել, Սաֆարյանն ասաց. «Իսկ ո՞վ ա մեքենայի տակ քցելուց բանտ նստում, շատ ավելի հանցագործներ կան, իրանք բանտ նստո՞ւմ են, այդ կինը մահացել ա հիվանդանոցում ինսուլտից»:
Սաֆարյանն ամեն կերպ փորձում էր խուսափել մեր այն հարցից, թե իր որդին կոնկրետ որքան ժամանակ է կալանավորված եղել, միայն կրկնում էր, որ օրենքով նա իր պատիժը կրել է: Ի դեպ, այս պաշտոնյայի մտերիմը համարվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, ում վերջերս Սաֆարյանը խորհուրդ է տվել դառնալ պատմական գիտությունների թեկնածու: Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ հարցի հետ կապված ասաց. «Ես մաթեմատիկոս եմ, ես պատմությունից ի՞նչ եմ հասկանում, որ մարզպետ Սուրեն Խաչատրյանին խորհուրդ տամ պատմության գիտությունների թեկնածու դառնա, չնայած որ ինքը պատմություն շատ լավ գիտի: Կարող եք իրան հարցնեք, ես ո՞նց կարամ խորհուրդ տամ կամ չտամ, նախ Սուրիկ Խաչատրյանին ոչ ոք չի կարա խորհուրդ տա, ինքն իր սեփական կարծիքը միշտ էլ ունենում ա եւ այն էլ` հաստատակամ»:
Գորիսի համալսարանի ռեկտորի խոսքերով` ինքն ու Սուրեն Խաչատրյանը մանկության ընկերներ են. «Նույն թաղում ենք մեծացել, նորմալ հարաբերությունների մեջ ենք` պաշտոնական»: Իսկ Լիսկայի վերջին «հերոսական» արարքի վերաբերյալ, երբ մարզպետն ապտակեց գործարար Սիլվա Համբարձումյանին, Սաֆարյանը ոչինչ չկարողացավ ասել` նշելով, թե դատարանն արդեն որոշել է, որ դա հանցանք չէ. «Ենթադրությունների հիման վրա ես ի՞նչ ասեմ»:
ԼԻՍԿԱՅԻ ՄՏԵՐԻՄ ԸՆԿԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ