Արդեն քսաներկու տարի հայ ժողովուրդը տոնում է իրեն արժանի հաղթանակը:
Այսօր` մայիսի 9-ին, մեզ համար կրկնակի տոն է:
Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1992թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր լեռնաքաղաք Շուշիում։
Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին, և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաև՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։
Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև` ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին։
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին։ Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում։
Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։ Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գուրգեն Դարիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը։ Աշխատանքները համակարգել են՝ համապատասխանաբար Արթուր Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ Օլեգ Եսայանը, Գ. Պետրոսյանը, Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը և ուրիշներ։
Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈւ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդՊարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Եվ այսօր եկել է հաղթանակի պտուղները վայելելու հաղթական ժամանակը…
Շուշին մերն է և մերն էլ կլինի…