Հատուկ «Ժողովուրդ»-ի նախաամանորյա թողարկման համար հավաքական ուժերով ամբարել էինք բոլոր այն «դեմքերն ու դեպքերը», որ պատահել են մեզ հետ` գոյության ուղիղ տասը ամսվա եւ քսաներեք օրվա ընթացքում: Առանձնացրել ենք հիմնականում զավեշտալի ու ծիծաղաշարժ դեպքերը:
Եւ այսպես, զանգ խմբագրությանը.
Եթե, ինչպես հայտնի ասացվածքում, «Թատրոնը սկսվում է հանդերձարանի կախիչից», ապա օրաթերթի կյանքում այս ցուցիչը զանգերն են: Դրանք եղել են ամենատարբեր բնույթի. հաճելի, տհաճ, օգտակար, ուրախացնող, տխրեցնող, տեղեկացնող, վիրավորական, սադրիչ, զավեշտական, անգամ` անիմաստ: Ամենաշատ զանգերը եղել են «տեղեկատվական» բնույթի. որպես կանոն` ամեն անգամ, երբ մեր «Էլիտար թշվառները» խորագիրն անդրադառնում է որեւէ հանրահայտ էլիտար գործչի կյանքին ու կենսագրությանը, հաջորդ օրը խմբագրության հեռախոսագծերը շիկանում են այդ անձի կյանքի ու կենսագրության վերաբերյալ նորանոր մանրամասներով` սկսած անձնականից` անգամ ինտիմ կյանքին վերաբերող, մինչեւ բանկային գաղտնիքին ու գործարքներին առնչվող: «Ժողովուրդ»-ի գրասենյակի պատասխանատու Նատալյան ամենահամբերատարն է քաղաքացիների հեռախոսազանգերին պատասխանելու հարցում. նա գրի է առնում բոլոր տեղեկությունները:
Զանգերի մյուս խումբը «աջակցող» տեսակից է, երբ ընթերցողը, տեղեկանալով, որ ինչ-որ մեկը դատի է տվել թերթին, հայհոյել կամ սպառնացել է, շատ բուռն կերպով իր վրդովմունքն է հայտնում այդ կապակցությամբ, հուսադրում է մեզ եւ այլն:
Երրորդ խմբի զանգերը «գաղափարա-ընդդիմախոսական են»: Օրինակ` օրաթերթի երկրորդ էջի հարցազրույցներում ներկայացնելով ամենատարբեր քաղաքական ուժերի տեսակետներն այս կամ այն իրադարձության, զարգացման ու իրավիճակի վերաբերյալ` գրեթե հարյուր տոկոսանոց անսխալականությամբ կարող ենք գուշակել, թե հաջորդ օրը խմբագրություն զանգահարող տիկին Գոհարն ինչ գաղափարական հակափաստարկներ է ներկայացնելու տվյալ քաղաքական ուժին ու խնդրելու, որ նրանք պատասխանեն իր հակընդդեմ հարցերին:
Դե իսկ զանգերի չորրորդ խումբը զավեշտական բնույթի է: Այսպես` վերջերս խմբագրություն էր զանգահարել մի տիկին եւ ըստ էության` մեր թերթի 8-րդ էջին հարց էր ուղղել. «Մարդս սիրածի հետ մեր տուն է եկել, ի՞նչ անեմ». այս կինը նաեւ խմբագրություն էր եկել` դժգոհելով, թե ամուսինն իրեն դավաճանում է: Այս տիպի զավեշտներից եւս մեկը. քաղաքացին մեզնից հարցնում էր, թե ինչու է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծում իր կնոջը` Սիլվային: Երբ հարցրինք, թե ինչու է որոշել, որ նրանք ամուսիններ են, քաղաքացին ասաց, թե քանի որ նրանց նկարները միշտ կողք կողքի են, մտածել է, որ մարդ ու կին են: Ասենք նաեւ, որ հաճախ զանգահարում եւ հարցնում են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հեռախոսի համարը:
Մի առանձին դեպք էր պապիկը, որն ուղիղ վեց ամիս շարունակ գրեթե ամեն օր զանգում էր խմբագրություն եւ ասում, որ ինքը Խանջյանի «անկյունում է», խնդրում էր նկարագրել խմբագրության տեղը, սակայն երբեք չէր գալիս: Այնուամենայնիվ մեկ` առաջին ու վերջին անգամ եկավ: Առհասարակ, Չայկովսկու փողոցը, որտեղ գտնվում է «Ժողովուրդ» թերթի խմբագրությունը, անգամ հին երեւանցիների համար է «հայտնություն», որովհետեւ որեւէ մեկը չգիտի, թե որտեղ է գտնվում այն: Եւ ահա այս անհայտ Չայկովսկու փողոցում «տեղակայված» մեր խմբագրության հետ կողք կողքի, ավելի ճիշտ` երկու մետրի վրա, գործում է «քսերոքս», որի դուռը եւ արտաքին ճակատը «Ժողովուրդ»-ի խմբագրությունից ոչնչով չեն տարբերվում: Արդյունքում` քաղաքացիները դռները միշտ շփոթում են եւ տեսնելով խմբագրության «քսերոքսն» ու համակարգիչները` դժկամությամբ հեռանում են` շատ հաճախ խնդրելով, որ մենք պատճենահանենք: Եթե օրը ոչ աշխատանքային է լինում եւ կողքի «քսերոքսը» չի աշխատում, երբեմն պատճենահանում էլ ենք. ստիպված, սակայն անվճար:
Հ.Գ. Մեր գոյության տասը ամիսների եւ քսաներեք օրերի ընթացքում ինքներս, գնալով ինդուկցիայի եւ դեդուկցիայի տրորված ճանապարհներով, փորձել են գտնել այն հարցերի պատասխանները, որոնք օգնում են լավ թերթ տպագրելուն, սակայն մեկ հարցի պատասխան մեզ շարունակում է տանջել: Այն է` մեր թերթի ո՞ր էջում, նյութում կամ ո՞ւմ մեջ է այն «տորմուզը», որը ստիպում է թերթը երբեմն շատ ուշ ժամի փակել: Ուշ ավարտելու օրերին «Ժողովուրդ»-ի տնօրեն Դավիթը վախվորած է մտնում տպարան, որ հանկարծ իրեն «հետ չուղարկեն»: Մի անգամ էլ թերթն այնքան էինք ուշացրել, որ տպարանից զանգահարել եւ հարցնում էին` հիմա գալի՞ս եք, թե՞ լողանանք (տպարանում բաղնիք կա՞ եւ ավարտին տպագրիչները լողանում են):
ԿԱՏԱԿՆԵՐ «ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ի ՇՈՒՐՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ