Երեք օր շարունակ Շիրակի մարզում առատ տեղումներ են, ինչը դժվարանցանելի է դարձրել հատկապես Գյումրի-Ամասիա, Գյումրի-Ջաջուռ եւ Գյումրի-Աշոցք ճանապարհահատվածները: Առանձնապես լավ վիճակում չէ նաեւ Գյումրի-Երեւան մայրուղին, ինչպես նաեւ քաղաքի փողոցները: Թվում է` տեղական եւ մարզային իշխանությունները պիտի արտակարգ ռեժիմով աշխատեին փողոցների վիճակը կարգավորելու ուղղությամբ, սակայն, ինչպես միշտ, տեղացող ձյունն ի ցույց է դնում տեղական իշխանությունների, մեղմ ասած, թերի աշխատանքը: Արդյունքում` ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը վերջին մի քանի օրերի ընթացքում զգալիորեն ավելացել է: Հերթականը տեղի ունեցավ դարձյալ Գյումրի-Երեւան ճանապարհին: Խոշոր ավտովթարից հետո, երբ 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց, նույն ճանապարհին` Ազատան գյուղի մոտ, հենց հաջորդ օրը տեղի ունեցավ հերթական ավտովթարը, որից դարձյալ մի քանի մարդ տուժեց: Պետավտոտեսուչներն անգամ չեն ժխտում, որ վթարները պայմանավորված են ճանապարհների վատ վիճակով: Ոմանք անգամ լրագրողներին են հորդորում հնարավորինս շատ լուսաբանել, թե ինչ իրավիճակ է մարզում, որպեսզի պատասխանատուները գործնական քայլեր ձեռնարկեն ճանապարհների մաքրման աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու ուղղությամբ:
Շիրակի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը, մեր հարցմանն ի պատասխան, շեշտում է, որ վտանգավոր հատվածներում ընթանում են մաքրման աշխատանքներ, ճանապարհները մշակվում են աղի ու ավազի խառնուրդով, սակայն Գյումրու ավտոկայարանի վարորդները բոլորովին հակառակն են պնդում` ճանապարհները դժվարությամբ են հաղթահարում, դրանք պատված են մերկասառույցով, շատ տեղերում էլ իսպառ բացակայում է աղի ու ավազի խառնուրդը: Ասվածի վառ օրինակն էր Գյումրի-Ջաջուռ ճանապարհահատվածը, որտեղ եղանք ինքներս եւ արձանագրեցինք, որ աշխատանքները բավարար չեն նորմալ երթեւեկություն ապահովելու համար: Ի պատասխան վարորդների դժգոհության` մարզի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի մասնագետները պնդում են, որ ճանապարհները սպասարկող ընդամենը 4 ընկերություն կա, որոնք աշխատում են վաղ առավոտից: Նշենք, որ այս տարի պետական բյուջեից ամառային եւ ձմեռային աշխատանքների իրականացման համար հատկացվել է 105 միլիոն դրամ գումար:
Գյումրի