ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

39-ամյա դատապարտյալ Արթուր Ռազմիկի Խանոյանը երկրորդ կարգի հաշմանդամ է: Շուրջ 15 տարի է, ինչ տառապում է շաքարային դիաբետով, ստանում է ինսուլինաթերապիա: Նրա մոտ վերջերս հայտնաբերվել է նաեւ սրտի  աորտալ ստենոզ հիվանդությունը, որով տառապող հիվանդները, համաձայն ՀՀ կառավարության 825 որոշման, կալանքից վաղաժամկետ ազատվում են:
Այժմ Արթուրը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում: 2006թ-ին դատապարտվել է 10 տարի ազատազրկման: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով, այդ թվում` առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակման, գողության եւ  կաշառք տալու մեջ:
Դատապարտյալի հայրը` 1936թ. ծնված Ռազմիկ Խանոյանը, դիմել է ՀՀ նախագահին եւ ՀՀ արդարադատության նախարարին` որդուն վաղաժամկետ ազատելու կամ տեղափոխելու խնդրանքով: Ի պատասխան նրա դիմումի` բժշկական սպասարկման բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ս.Սարկիսովը պատասխանել է, թե հաստատում է, որ դատապարտյալը տառապում է վերը նշված  հիվանդություններով, բայց ներկա պահին ստանում է համապատասխան բուժօգնություն, գտնվում է բժշկական անձնակազմի հսկողության տակ, եւ քաղաքացիական բժշկական հաստատության տեղափոխման անհրաժեշտություն չկա: Նշենք, որ Արթուր Խանոյանի ընկերը, ով գտնվում էր նրա հետ նույն բանտախցում, նույնպես տառապել է այդ հիվանդությամբ եւ վերջերս հանկարծամահ է եղել:
Արթուրի հայրը եւ կինը վախենում են, որ նույնը կարող է կրկնվել նաեւ նրա հետ: Հայրը, ով ուռուցքային հիվանդություն ունի, չնայած չի արդարացնում իր որդու գործած հանցանքները, բայց խնդրում է հնարավորություն ընձեռել իր կյանքի վերջին տարիներին զբաղվել որդու առողջությամբ: Ավելացնենք նաեւ, որ ի պատասխան Ս.Սարկիսովի այն հավաստիացմանը, թե հիվանդը ստանում է կատարյալ բուժօգնություն, նրա կինը` Քրիստինե Թումասյանը, պնդում է, որ  ամուսնու բուժման համար անհրաժեշտ ինսուլինն ինքը գնում է իր սեփական  միջոցներով: Հարազատների համոզմամբ` նման հիվանդությունները քրեակատարողական բուժծառայությունում բուժելն անհնար է, եւ Արթուրի կյանքը փրկելու համար նրան անհապաղ անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս