ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինձ հետաքրքրում է` ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արդյո՞ք հայաստանյան շուկայում վաճառվող երշիկները, որովհետեւ լուրջ կասկածներ ունեմ, որ հայաստանյան երշիկներն անարատ մսից չեն պատրաստվում: Եթե ոչ, ապա կա՞ գոնե ծրագիր առաջիկայում երշիկների ուսումնասիրության համար:

Անահիտ Պողոսյան, 31 տարեկան, մանկավարժ

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տասնյակ որոշումներով անբարեխիղճ մրցակցության դրսեւորումների համար տուգանք է կիրառել երշիկի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների հանդեպ: Դրանք կիրառվել են հիմնականում արտադրանքի վրա մակնշում չկատարելու կամ այն թերի կատարելու համար, ինչն, ըստ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, համարվում է սպառողի մոլորեցում: Երշիկեղենի որակի հետ կապված վերահսկողությունը գտնվում է այլ պետական գերատեսչության դաշտում: Հանձնաժողովը նման հարցերին անդրադառնում է հիմնականում այն դեպքում, երբ այս կամ այն ոլորտում գործող խոշոր ընկերությունների փաստաթղթաշրջանառության ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվում են օրենքի խախտումներ: Այդ դեպքում որպես իրավախախտման լրացուցիչ ապացույց` կատարվում է նաեւ լաբորատոր փորձաքննություն: Եթե այդպիսիք առկա չեն, ապա զուտ սննդի որակի ուսումնասիրություն չի կատարվում, ինչպես արդեն նշեցի, դրանով զբաղվում է պետական այլ գերատեսչություն:  

ՏՄՊՊՀ նախագահի տեղակալ
Պավել Ղալթախչյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իսկապես կարելի է վերհիշել, որ առիթներ եղել են նաեւ մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններին տուգանելու: Թե ով հատկապես ինչի համար է տուգանվել, դժվար է հիշել, բայց պարզ է, որ  այս սննդատեսակի շուկայում նույնպես ինչ-որ բան այն չէ: Մարդիկ ամենաաներեւակայելի բաղադրություն են թվարկում երշիկի պարունակության մասին խոսելիս, ու սա այն դեպքն է, երբ ծուխն առանց կրակի չի լինում: Ամենահայտնի օրինակը Հնդկաստանից ներմուծվող սատկած գոմեշի մսից պատրաստված երշիկների պատմությունն էր, որը քննարկվեց անգամ ՀՀ կառավարությունում:




Լրահոս