Մայիսի 9-ին մեր ժողովուրդը նշում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 69 և Շուշիի ազատագրման 20 –րդ տարեդարձը : Հաղթանակների գործում զգալի ավանդ ունեն նաև հայ մարզիկները:
Չնայած պատերազմական վիճակներին Հայաստանում մարզական կյանքը չընդհատվեց: Ավելին , երկրորդ աշխարհամարտի տարիներին մարզակառույցների թիվն ավելացավ: 1943 թ. հոկտեմբերի 9 –ին, Հայաստանի ժողկոմխորհը (կառավարությունը) որոշում ընդունեց միջնակարգ դպրոցներում ունենալ ֆիզիկական դաստիարակության ղեկավարներ , ստեղծել 10 նոր մարզադպրոցներ և այլն: Նույն թվականի հուլիսին որոշվեց և 1945-ին սկսեց գործել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:
Պատերազմի հինգ տարիների ընթացքում մեր երկրում պատրաստվեց 11. 645 դահուկորդ, 15. 528 լողորդ , 25. 843 մենապայքարային մարզիկ, 42 հազար նռնականետորդ և այլն: Ֆիզկուլտուրային կազմակերպությունների թիվը հասավ 777 –ի, իսկ մարզիկների քանակը` 33 հազար 451-ի:
Հաղթանակի ոգով են ռազմի դաշտ մեկնել աննկուն հայ մարզիկները : Բոլորին է հայտնի Հրանտ Շահինյանի ` օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոնի անունը : Բայց երևի քչերը գիտեն, որ , նժույգի արքան, Խորհրդային բանակի կազմում մարտնչել է ֆաշիստական հրոսակների դեմ հյուսիսկովկասյան ռազմաճակատում և 1943-ին ծանր վիրավորվել է :
Պատերազմի ավարտից հետո Հրանտ Շահինյանը հենակներով վերադարձավ մարզադահլիճ: Կամքով արի մարտիկն ու մարզիկն ուժ գտավ վերականգնելու վիրավոր ոտքը և դեռ ավելին` Հելսինկիում 1952 թ. կայացած օլիմպիական խաղերում նվաճեց երկուական ոսկե և արծաթե մեդալ:
Հայոց մարզաշխարհի մարդկանց դերն անուրանալի է նաև արցախյան հերոսամարտում: Հենց միայն ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 23 շրջանավարտներ և ուսանողներ հերոսաբար ընկան մարտադաշտում: Նրանք խաղային, մենապայքարային, ջրային, կիրառական մարզաձևերի ներկայացուցիչներ են: Անմահացած մարզիկների հիշատակը հավերժացնում է հարազատ բուհի բակում վեր խոյացած խաչքար – հուշարձանը:
Հարգանք և խոնարհում պատերազմներում ընկած հայորդիների հիշատակին:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է պատերազմներից հաղթանակով վերադարձած մեր քաջարի զավակներին, մաղթում քաջառողջություն և երկարակեցություն: