Վլադիմիր Գասպարյանը Ծառուկյանի հայտարարությունը հեգնել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, նկատի է ունեցել, որ Մելիք Ադամյան փողոցում գծանշաններ պետք է արվեն, երևի փակված կլինի, ուրիշ կողմով պիտի գնան»,- անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հատարարությանը, թե առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը` նման կերպ արձագանքեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ոստիկանապտը նաև խոսեց այն մասին, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, թե վարչապետի ու նախագահի պաշտոններին հավակնողներն անցնում են Մելիք Ադամյան փողոցով: Ոստիկանապետի խոսքով` Շարմազանովը նկատի է ունեցել այն, որ այս դեպքում էլ գծանշանները կբացեն, կանցնեն առաջ:

Լրագրողի այն դիտարկմանը, թե իշխանությունների՝ գծանշանները բացելո՞վ է, ոստիկանապետն ասաց. «Ժողովրդի խնդիրը եղել և մնում է տարանջատումը, անջատումը, բաժանումը: Ես կարծում եմ, որ ժողովրդին համախմբվելու ինքնասիրություն է պետք, թե չէ առանձին իրար լափելով` ոչինչ դուրս չի գա»:

Հարցին, թե շատ է հնչում այն տեսակետը, որ Քոչարյանի կադրերն են վերադառնում կառավարություն, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց, որ ինքը կառավարության անդամ չէ, այլ առընթեր է, ապա ավելացրեց, որ երկրում լավ աշխատողը չի կարող լինել այս կամ այն անձնավորության կադրը. «Պետք է լավ աշխատել, պետք է իմն ու քոնը չլինի, պետք է լինի լավ աշխատող ու վատ աշխատող, պարկեշտ ու ամբարիշտ, և պետք է լինի բանսարկության դեմ պայքարող անձնավորություն»:

Լրագրողը հետաքրքրվեց՝ կառավարությունից հեռացածները անպարկե՞շտ էին, ոստիկանապետը պատասխանեց, որ կառավարությունը թիմ է փոխել, մարդիկ նպատակահարմար են գտել փոփոխություն կատարել, աշխատել մեկ այլ անձի հետ:




Լրահոս