Ստորև ներկայացնում ենք վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ. Սիրելի հայրենակիցներ, Ավարտվեց ևս մեկ տարի: Շրջվեց մեր պատմության ևս մեկ էջ: Որոնք են անցնող տարվա այն պատմական իրադարձությունները, որոնցով մենք կարող ենք հպարտանալ, որ իրադարձություններն են, որոնցից պետք է ապագայի դասեր քաղել` անցյալի սխալները չկրկնելու համար:Համոզված եմ, որ տարեվերջի այս օրերին մեզանից յուրաքանչյուրին հուզում են հենց այս հարցերը: Անցնող տարին կարելի է համարել ճգնաժամի հաղթահարման և վերականգնման տարի: Ճգնաժամից մենք դուրս եկանք ավելի ուժեղ և ավելի պատրաստ դիմակայելու նոր մարտահրավերներին: Յուրաքանչյուրիս ջանքերի շնորհիվ էր, որ հաջողվեց ապահովել տնտեսական աճ: Անցնող տարում մենք կառուցեցինք ավելի շատ ճանապարհներ, ավելի շատ ջրագծեր: Բիզնես միջավայրի բարելավման նպատակով մենք աջակցություն ցուցաբերեցինք մեր ձեռնարկատերերին: Գյուղատնտեսության զարգացման համար մենք օգնության ձեռք մեկնեցինք գյուղացուն: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման նպատակով մենք առավել բարենպաստ պայմաններ ստեղծեցինք ինտերնետի հասանելիության համար: Մենք ջանքեր գործադրեցինք, որպեսզի մեր հասարակության խոցելի խմբերը, տարեցները և սահմանափակ կարողություններով քաղաքացիներն ապրեն ավելի լավ: Նախադպրոցական կրթությունը դարձավ անվճար, առողջապահության ոլորտը` ավելի թափանցիկ, վերանորոգվեցին բազմաթիվ դպրոցներ և հիվանդանոցներ, աղետի գոտում կառուցվեցին նոր բնակարաններ: Այս ամենն իհարկե բավարար չէ: Մենք` Հայաստանի քաղաքացիներս, կարող ենք ավելի լավ ապրել և արժանի ենք ավելի լավ կյանքի: Սա նշանակում է, որ գալիք 2012 թվականին մենք ավելի շատ գործեր ունենք անելու: Յուրաքանչյուրս պետք է աշխատի ավելի արդյունավետ` պատասխանատվության ավելի բարձր զգացումով:Հայրենակիցներ,Մեզ փոփոխություններ են ահրաժեշտ մեր վարքագծում, և ինչը պակաս կարևոր չէ` մեր սպասումներում: Մենք այսօր պետք է սովորենք ապրել նորովի, մի աշխարհում, որտեղ արդարությունը կախված է լինելու ոչ միայն օրենքներից, այլ առաջին հերթին յուրաքանչյուրիս վարքագծից: Միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր իրականություն դարձնել մեր երազանքները և կառուցել մի երկիր, որը լքած յուրաքանչյուր մարդ կընտրի վերադարձի ճանապարհը: Սիրելի հայրենակիցներ: Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը: Բոլորիս մաղթում եմ խաղաղություն և առողջություն: Ընտանիքներին` սեր և հոգատարություն: Գյուղացուն` առատ բերք, քաղաքաբնակներին`արդյունավետ և հետաքրքիր աշխատանք, մանուկներին ավելի շատ ուրախություն և ժպիտ, իսկ տարեցներին`արժանավայել ծերություն:Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:Աստված մեզ բոլորիս պահապան:
Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ