Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի. Հայոց եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական եկեղեցիներում ավարտվեց ճրագալույցի սուրբ պատարագը, այժմ հավատացյալ մարդիկ եկեղեցիներից տուն են վերադառնում իրենց հետ տանելով ճրագները, որը խորհրդանշում է աստվածային լույսը և եկեղեցու օրհնությունը։ Եվ քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան՝ շարունակելով այն նաև հունվարի 6-ին։ Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:  Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին: Պահեցողները պահող շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»: Վաղը, Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Ս. Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն: Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում` տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով: Տնօրհնեք կատարվում է նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայությունը:  Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար /մեծ, գլխավոր/ տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:  Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին: 




Լրահոս