Այսօր «Հաղթանակ» զբոսայգում ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի անդամները միմյանց հետ ջերմ զրուցում էին:
Armlur.am-ը ԲՀԿ խմբակցքության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց` ինչ էին քննարկում ԲՀԿ-ի անդամները Կոնգրեսի ներկայացուցիչների հետ:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քաղաքական ոչինչ չեն քննարկել: «Ես Լևոն Տեր-Պետրոսյանին, նոր չէ, որ ճանաչում եմ: Երբ ես աշխատում էի ՀՀՇ-ի «Հայք» պաշտոնաթերթում, բազմիցս առիթ եմ ունեցել շփվելու առաջին նախագահի հետ: Ես Լևոն Տեր-Պետրոսյանին համարում եմ մեծ մտավորական ու քաղաքական լուրջ գործիչ: Մենք զրուցում էինք տարբեր բաների մասին»,- ԲՀԿ-ական պատգամավորը:
-Այսինքն` քաղաքական թեմայով քննարկումներ չե՞ն եղել:
-Մենք ՀԱԿ-ի ու «քառյակի» մեր գործընկերների հետ մշտապես քննարկումների մեջ ենք, բայց չեմ կարծում, որ Հաղթանակի զբոսայգին այն տեղն է, որտեղ քաղաքական հարցերի մասին խոսեինք: Շատ ավելի հետաքրքիր թեմաներ ունեինք զրուցելու, քան քաղաքականությունն է:
-Տիկի՛ն Զոհրաբյան, տեսակետ կա, որ կառավարության առաջիկա ծրագրի քննարկումը որոշիչ է լինելու ԲՀԿ-ի «դեմքը» փրկել-չփրկելու համար:
-ԲՀԿ-ն երբեք չի առաջնորդվել այս կամ այն կենտրոններից թելադրվող կեղծ տեսակետներով, որոնցով, իբր, ցանկանում են հասարակական կարծիք ստեղծել: Որևէ մեկին չի հաջողվի ԲՀԿ-ին թելադրել իր տեսակետներն ու օրակարգը: ԲՀԿ-ն կողմնորոշվելու խնդիր չունի:
Սոնա Դավթյան