Ալժիրի վարչապետ. Ոչ ոք Հայոց ցեղասպանության խնդրում ալժիրցիների արյունը շահարկելու իրավունքը չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույահյան դատապարտել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի քվեարկության ժամանակ Ալժիրի պատմության ցավալի էջերի շահարկումը: Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ 1945թ-ին ֆրանսիացիներն Ալժիրում ցեղասպանություն են իրականացրել և սեփական պատմության հետ առերեսման փոխարեն Հայոց ցեղասպանության հարցն են քննարկում: Նա նաև հայտարարել էր, որ այդ ռազմական գործողություններին մասնակցել է նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայրը, ինչը հետագայում հերքվեց Պալ Սարկոզիի կողմից: Այժմ, հունվարի 11-ին սպասվում է, որ Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի նախագիծը խորհրդարանից հետո կմտնի Սենատի օրակարգ և կանխատեսելի է թուրքական իշխանությունների կողմից ոչ քաղաքակիրթ հակազդեցությունը: Ալժիրի վարչապետը շտապել է զգուշացնել Էրդողանին, որ ոչ ոք իրավունք չունի շահարկելու ալժիրցիների թափած արյունը և կոչ է արել իր թուրք բարեկամներին դադարեցնել քաղաքական առևտուրը ալժիրցիների պատմության ցավալի իրադարձությունների շուրջ: Այս մասին, ANF գործակալության հաղորդմամբ, Ալժիրի վարչապետը հայտարարել է հունվարի 7-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ:




Լրահոս