Կառավարությունը պետք է լուծի վետերանների սոցիալական հարցերը. Ս. Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետք է, որ մեր վետերաններին խոր ծերության ժամանակ արժանի ուշադրություն դարձնենք: Նման տեսակետ լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե նոր Կառավարությունը ինչ պետք է անի վետերաններին օժանդակելու համար, նա նշեց.

«Այն, ինչ արել են մեր վետերանները, այն, ինչ կյանքով են ապրել, արժե, որ հիմա իրենց խոր ծերության ժամանակ նրանց արժանի ուշադրություն դարձնենք: Արժե, որ նրանց համար ֆինանսական օգնության կամ սոցիալական այլ հարցեր լուծի Կառավարությունը: Արժե, որ կառավարությանը հորդորենք նման բաներ անել», – նշեց նա:

Ս. Մարգարյանի խոսքով, 2-րդ համաշխարհային պատերազմը հավասարապես մեր պատերազմն է եղել: Նա նշեց, որ  եթե չլիներ այս պատերազմի հաղթանակը, Աստված գիտեր, թե ինչ կլիներ մեր երկիրը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք սերունդները կարող են արժանի կերպով պահել այս հաղթանակը, նա նշեց.

«Ես սերունդներին չեմ կասկածում: Վատ սերունդ չկա: Փորձը ցույց է տալիս, որ ցանկացած պահի յուրաքանչյուր սերունդ իր մեջ ուժ է գտնում` պաշտպանելու երկիրը: Իշխանությունների պարագայում հաջողության հասնելուն մեծ վերապահումով եմ մոտենում, քանի որ շատ հարցերում ադեկվատ լինելու խնդիր կա», – ընդգծեց նա:




Լրահոս