
Այսօր պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՊՆ կենտրոնական ապարատի խորհրդակցություն: Նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի 2012թ. գերակա խնդիրները և հիմնական անելիքները: Որպես 2012թ. գերակա խնդիրներ՝ Սեյրան Օհանյանը առանձնացրել է ռազմակրթության, ռազմական արդյունաբերության և զինված ուժերում կարգապահության բարձրացման խնդիրները: Պաշտպանության նախարարը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ստորաբաժանումների այն աշխատակիցներին, որոնց պատշաճ ծառայության արդյունքում արձանագրվել են զինված ուժերի 2011թ. հաջողությունները: Սեյրան Օհանյանի հրամանով օրինակելի ծառայությամբ աչքի ընկած զինծառայողները և քաղաքացիական ծառայողները արժանացել են ՊՆ գերատեսչական մեդալների ու պատվոգրերի: Նախարարը բարձր է գնահատել նաև ՊՆ մշտական գործող մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները և հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Վահրամ Բարսեղյանին պարգևատրել Մարշալ Բաղրամյան մեդալով: