Օհանյանը իր ձերբակալությունը կապում է բարձրաստիճան պաշտոնյայի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում այսօր մեկնարկել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը, ով մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։  Օգոստոսի 30-ից անազատության մեջ գտնվող Օհանյանը, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել է մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը` պետությանը պատճառելով մեծ չափերի վնասներ։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` մեղադրյալների գործողությունների հետեւանքով պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 217 միլիոն դրամ (շուրջ 571 հազար դոլար): Ճանապարհային ոստիկանության պետը, թեեւ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն նախաքննության փուլում “”վերականգնել է բյուջեին հասցրած վնասը””` վճարելով մոտ 177 միլիոն դրամ (մոտ 500 հազար դոլար): Բենզինի յուրացման գործով, Մարգար Օհանյանից բացի, մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության եւս երեք աշխատակիցների, այդ թվում` տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանին, տեխնիկ Սամվել Մախմուրյանին եւ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանին։  Այսօր Օհանյանի պաշտպանական կողմը հանդես եկավ նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ, եւ այն պահին, երբ դատավորը պատրաստվում էր հեռանալ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար, Մարգար Օհանյանը դատարանում բավականին ուշագրավ հայտարարություն արեց: Նա, մասնավորապես, ասաց, թե կա մի բան, որի ինքը պարտավոր է առանձին ասել դատավորին եւ մեղադրող դատախազին: Դատավոր Պապոյանն էլ հետաքրքրվեց, թե այդ ինչո՞ւ է Օհանյանը այդ բանը ուզում ասել միայն դատավորին եւ մեղադրող դատախազին, գո՞ւցե լրատվամիջոցներն են խանգարում: Օհանյանը ասաց, թե լրատվամիջոցների հետ կապված որեւէ խնդիր չկա եւ սկսեց ուշագրավ հայտարարություններ անել: “”Պարզապես Ձեզ ասեմ` ինձ օգոստոսի 30-ին կանչել են Հատուկ քննչական ծառայություն, ընդամենը մեկ բացատրություն` ասել եմ, որ նման բան չի եղել եւ չէր էլ կարող լինել գրելուց հետո, ուղիղ 40 րոպե ոչինչ չլինելուց հետո, մի հեռախոսազանգից հետո ես վկայից դարձել եմ կասկածյալ եւ ձերբակալվել եմ: Դա ուներ իր հանգամանքները, որ ես չեմ կարող արտահայտվել: Ինձ պարզապես պետք էր հեռացնել, պետք էր ձերբակալել, հետո կալանավորել, որպեսզի կարողանային այդ  ամեն ինչը, որ ի սկզբանե դրված էր, գար իր ավարտական փուլին հասնել””, – հայտարարեց Օհանյանը: Սակայն նիստը նախագահող դատավորը տեղեկացրեց, որ քրեական դատավարության մեջ նման կարգ չկա, որ մեղադրյալը առանձին դատավորին ինչ-որ բան ասի: Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանն էլ նշեց, որ Մարգար Օհանյանը երբեք զրկված չի եղել հանրության եւ իրավապահ մարմիններին իրեն հայտնի գաղտնի տեղեկություններ փոխանցելու հնարավորությունից եւ հորդորեց Օհանյանի ներկայացնել իրեն հայտնի փաստական հանգամանքները` հակառակ դեպքում հասարակության մոտ թյուր կարծիք չձեւավորել. -“”Եթե բան ունեն ասելու, ասեք””, – հորդորեց դատախազը: Մարգար Օհանյանն էլ պատասխանեց` բացելով փակագծերը. – “”Դա վերաբերում է ոստիկանության կառույցին, այն վայրին, որտեղ որ ես ծառայել եմ,  դատախազական կամ Հատուկ քննչականին կամ դատարանին չի վերաբերում: Ես ձեզ ուղղակի պետք է ասեի մինչեւ Հատուկ քննչական ծառայությունը որտեղ եւ ով է եկել, ում տարել: Ուղղակի ուզում էի ձեզ ասել` ուրիշի կռիվը ձեր վրա մի վերցրեք, իմ անձնական հարաբերությունները համապատասխան ղեկավարների հետ ավարտական փուլին այստեղ մի հասցրեք””: Ապա դեմքով շրջվելով դեպի մյուս մեղադրյալները, ովքեր ցուցմունք են տվել իր դեմ եւ մատնացույց անելով Սամվել Մախմուդյանին եւ Արա Լեւոնյանին, ասաց. – “”Կասեմ, թե ոնց է եղել եւ ում քանի ժամ են պահել եւ ով է եկել միջնորդը, այս երկրում բարձրաստիճան ղեկավար, որ անունը չեմ ուզում տալ, որ այ նրան հանել է տարել է վեցերորդ վարչությունից գիշերը ժամը երեքին: Գիտե՞ս չեմ ասելու, կամ քոնը, չեմ ասելու, թե քեզ ով է եկել տարել, հետո ինչ, որ պատգամավոր է””: Թե ով է եղել այդ բարձրաստիճան պաշտոնյան կամ պատգամավորը, ովքեր առնչություն են ունեցել մեղադրյալների հետ, Մարգար Օհանյանը առայժմ չբացահայտեց:




Լրահոս