Այսօր` մայիսի 10-ին, ռուսական բանակի գնդապետ, ազգային-ազատագրական պայքարի մարտիկ, Րաֆֆու «Խենթը» վեպի հերոս Վարդանի նախատիպի` Խենթի (իսկական անունը՝ Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյան) ծննդյան օրն է:
Սկզբնական կրթություն ստացել է քահանա հոր մոտ, ապա սովորել է Էջմիածնի ծխական դպրոցում, ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Գերազանց տիրապետել է հայերեն, ռուսերեն, քրդերեն, թուրքերեն լեզուներին։
Կամավոր մասնակցել է 1877-1878 թթ-ի ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել քաջությամբ, խենթ հերոսությամբ դուրս է եկել Բայազեդի շրջափակված բերդից և օգնության կանչել անհրաժեշտ ուժերին։ Գեներալ-լեյտենանտ Արզաս Տեր-Ղուկասովի միջնորդությամբ այդ սխրանքի համար ռուսական իշխանությունները նրան շնորհել են սպայի կոչում, Սուրբ Գեորգիի ոսկե խաչ և նշանակել ցմահ թոշակ։
Հետպատերազմյան տարիներին շարունակել է ծառայությունը ռուսական բանակում, կատարել է հետախուզական առաջադրանքներ, թարգմանչի պարտականություններ, ավելի ուշ զբաղվել է թիկունքային սպասարկման խնդիրներով, բարձրացել սպայական աստիճանակարգով և արժանացել գնդապետի կոչման։ Ծառայել է Թիֆլիսում և Սանկտ-Պետերբուրգում։
Ծառայությունից արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան։ 1903-1906 թվականներին եղել է Վայոց Ձորի գավառի գավառապետի օգնական, ապա՝ գավառապետի պաշտոնակատար, 1906-1911 թթ-ին՝ Էջմիածնի գավառի ջրաբաշխ։ Իր անձնական միջոցներով 1890 թ-ին հայրենի Արագյուղում հիմնել է դպրոց, որի ուսուցիչներին վճարելու համար մինչև իր մահը ամենամյա ֆինանսական օգնություն է հատկացրել։ 1900-ական թվականների սկզբին Սուրբ Գայանե եկեղեցու մոտ գտնվող գերեզմանոցում թաղված «Խենթը» վեպի հերոսուհի Լալայի նախատիպ աղջկա գերեզմանին դրել է տապանաքար՝ «Լալա» մակագրությամբ։
Մահացել է Էջմիածնում 1911 թվականի ամռանը։ Հայրենի Արագյուղի գերեզմանոցի սկզբնամասում 1974 թվականին տեղադրվել է Սամսոն Տեր-Պողոսյանի՝ Խենթի կիսանդրին։