«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը երեկ հայտարարել է, որ լրագրողներից և հասարակական գործիչներից ոմանք «ազատ մեկնաբանաթյուն» են տվել իր խոսքերին, իսկ նա հայաստանյան հ/կ-ների դեմ ռեպրեսիվ գործողությունների կոչ չի արել։ Վերհիշենք, թե ինչ էր իրականում ասել դեսպանը «Նոյև կովչեգ» լրատվամիջոցին. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ հայտարարի այստեղ՝ Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին։ Դրանում ոչ մի կասկած չկա։ Սակայն զբաղվել հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրող, Հայաստանի տարածքում գործող հ/կ–ներով, պետք է, հավանաբար, օգտագործելով այլ մեթոդներ։ Ռուսաստանում, ի դեպ, ընդունված է օրենք, որը միանգամայն հստակ ձևով կարգավորում է հ/կ-ների գործունեությունը»։
Իսկ հիմա տեսնենք ՌԴ-ում ընդունված հ/կ–ների մասին ո՞ր օրենքն է վկայակոչում, պարոն Վոլինկինը և, ըստ էության, խորհուրդ է տալիս մեզ էլ հետևել այդ օրինակին։ Խոսքը, կարծում եմ, 2012-ի նոյեմբերի 21-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների մասին է, ըստ որոնց՝ «քաղաքականությամբ զբաղվող» և արտերկրից ֆինանսավորվող հ/կ-ները պետք է գրանցվեն որպես «արտասահմանյան գործակալներ»՝ համապատասխան պատասխանատվությամբ և «պետական հոգատարությամբ»։
Մի կողմ դնենք այն հարցը՝ իրավունք ունի՞ արդյոք տվյալ երկրում հավատարմագրված դեսպանը խորհուրդ տալ, որ այդ երկրում ընդունվի այս կամ այն օրենքը։ Արդարության համար նշեք, որ պարոն Վոլինկինի գործընկեր Ջոն Հեֆերնը նույնպես, ինձ թվում է, չափից դուրս մեծ շահագրգռվածություն էր դրսևորում «կուտակայինի» մասին օրենքում։
Տվյալ դեպքում ավելի կարևոր է հետևյալը. մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ուզում ենք, որ մեզանում Ռուսաստանի օրինակով գործի հ/կ-ների իրավունքները սահմանափակող օրենք։
Ավելացնեք, որ դեսպան Վոլինկինի չհավանած հ/կ-ները իմ աչքի լույսը չեն։ Նրանք իսկապես հաճախ ընկնում են ծայրահեղությունների մեջ, երբեմն անտեսելով փաստերը, աշխատում են ամեն «կեղտ բռնել»։ Բայց դա մեր պետությանը վնաս չի։ Իսկ նրանց գործունեությունը սահմանափակելը վնաս է»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։