Քիչ առաջ Armlur.am-ին ահազանգեց Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի մի բնակիչ և հայտնեց, որ գյուղում հայտնաբերել են մարդկանց բրուցելյոզի դեպքեր, բայց ոչ ոք չի բարձրաձայնում:
«Անասունների համատարած սպանդ ու ստուգում չի արվում, որևէ մեկը չի հետևում` արդյոք ոչնչացվեց հիվանդ անասունը, թե՝ ոչ: Մարդկանց համատարած, պարտադիր ստուգում չի արվում: Կամայական քննության արդյունքում նշվում է, որ հիվանդները շատ են»,- ասաց բնակիչը` հավելելով, որ բուժման դեղորայքը դուրս է գրվում անվճար:
Բնակչի հարցեր են ծագել`արդյոք սա նոր խարդախություն ու խա՞ղ է ժողովրդի գլխին, թե՞ լուրջ համաճարակ, և որտե՞ղ է սննդի անվտանգությունը:
Armlur.am-ը կապ հաստատեց Գեղաշենի գյուղապետ Արմեն Հովհաննիսյանի հետ, ով հերքեց բնակչի հայտնած ինֆորմացիան և նշեց, որ նման բան լինել չի կարող:
«Չկա էտպիսի բան: Պլանային ստուգում են անում, կարողա մեկ-երկու դեպք լինի: Իսկ տենց մասսայական տարածվելը գոյություն չունի: Էտ ինֆորմացիան սխալա»,- հավատացրեց գյուղապետը` թերևս չնկատելով, որ հիվանդության տարածման համար բավական է անգամ մեկ-երկու վարակակրի առկայությունը:
Այնուամենայնիվ, Armlur.am-ը հետևողական կլինի` իմանալու համար, թե ինչպես կզարգանա իրավիճակը, և ինչպես կարձագանքեն համապատասխան մարմինները:
Տաթև Հարությունյան