Վախճանվել է խորհրդային հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Բոտկինյան հիվանդանոցում ժամեր առաջ կյանքից հեռացել է հայազգի հետախույզ, Խորհրդային Միության հերոս-հետախույզ Գևորգ Վարդանյանը, այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է լրագրող Գուրգեն Խաժակյանը, մահվան պատճառը եղել է քաղցկեղը: Գևորգ Վարդանյանը խորհրդային արտաքին հետախուզության ծառայության առաջին հետախույզն է, որ կենդանության օրոք արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նրա անունը նշված է բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն հետախույզների ցանկում։ Նրան այսպես են գնահատել. «Զորգեին, Աբելին, Կիմ Ֆիլբիին հավասար… իսկ գուցե և առավել»։ Վարդանյանի սխրանքների մեծ մասը «հույժ գաղտնի» կնիքի տակ է: Մինչ այսօր բացված է նրա տասնամյակներ ձգվող գործունեության լոկ առաջին էջը՝ «թեհրանյանը»։ Նրա ղեկավարած խմբին (հայեր, երկու ասորի և մեկ լեզգի) հաջողվում է կանխել «մեծ եռյակի»՝ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ գերմանական հետախուզության ծառայության կազմակերպած մահափորձը («Երկար ցատկ»), որը պետք է  իրականացներ գերմանացի հայտնի դիվերսանտ Օտտո Սկորցենին։ Իրանում աշխատելու տարիներին Վարդանյանին ու նրա խմբին հաջողվել է մերկացնել Երրորդ Ռեյխի ավելի քան 400 գործակալ։ «Իմ կյանքի ամենագլխավոր իրադարձություններից մեկը «Թեհրան 43»-ն է։ Դրանից հետո էլ կարևոր իրադարձություններ եղել են, որոնց մասին, սակայն, դեռևս չի կարելի պատմել»,- ասել է ականավոր հետախույզն իր հարցազրույցներից մեկում։ Հանրահայտ են նաև Գևորգի և նրա կնոջ՝ Գոհար Վարդանյանի (Փահլևանյան) իտալական գործուղումները։ Աշխատելով այնտեղ՝ նրանք իրենց սևեռուն ուշադրության կենտրոնում են պահել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այդ ժամանակ Գևորգ և Գոհար Վարդանյաններն ունեցել են աչքի ընկնող հասարակական դիրք, նրանց լավ է ճանաչել երկրի բարձրագույն ղեկավարությունը, իսկ ամերիկյան ծովային բարձրաստիճան սպաները և ծովակալ Թերները մեկ անգամ չէ, որ նրանց ձեռքն են սեղմել և օգտվել նրանց ծառայություններից։ Հենց նրանք էլ օգնել են Գևորգ Վարդանյանին, երբ նա գաղտնի հետախուզական առաջադրանքներով մեկնել է ԱՄՆ։




Լրահոս