Ջեյմս Ուորլիքի ելույթն արտացոլում է համանախագահ երկրների առաջարկությունները. Էդ. Նալբանդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը, ի տարբերություն Արդբեջանի, բազմիցս է բարձր գնահատել եւ կարեւորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների հետեւողական ջանքերն` աջակցելու հակամարտության կողմերին` հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու նապատակով։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանության մեջ:

Նալբանդյանը, մեկնաբանելով, Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթը, նշել է. «Ամերիկացի համանախագահի ելույթում ընդգծվում է, որ «Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր հանձնառություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ու անվտանգության մասով» եւ շարունակելու են համատեղ ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում համախմբված լինելով խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակի շուրջ։

Հայաստանը, ի տարբերություն Արդբեջանի, բազմիցս է բարձր գնահատել եւ կարեւորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների հետեւողական ջանքերն` աջակցելու հակամարտության կողմերին` հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու նապատակով։

Ամերիկացի դիվանագետը իրավացի է, որ մի շարք առիթներով կողմերը գրեթե եկել են համաձայնության եւ որպես վերջին օրինակ է բերում Կազանում 2011թ. գագաթաժողովը։

Հայտնի է, որ Բաքվի հետքայլերի, միակողմանի առավելություն կորզելու փորձերի պատճառով հնարավորություն չի ընձեռնվել առաջընթաց արձանագրել 2011թ. հունիսին` Կազանի, 2011թ. մարտին` Սոչիի, 2010թ. հոկտեմբերին` Աստրախանի, 2010թ. հունիսին` Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին, չնայած կողմերը մոտ են եղել համաձայնությունների։ Հիշեցնեմ, որ Բաքուն նույն հետքայլերն է կատարել նաեւ նախկինում, օրինակ՝ Կազանից տասը տարի առաջ, 2001թ.։

Ամերիկացի դեսպանն իրավամբ անընդունելի է համարում շփման գծի երկայնքով շարունակվող դիպուկահարների կրակոցները, մարդկային կորուտսները՝ նշելով, որ այդպես էլ ԵԱՀԿ դիտորդները չեն ստացել համապատասպան իրավասություն եւ ռեսուրսներ՝ բացահայտելու պատասխանատուներին, հնարավոր չի եղել նվազեցնել տարեկան հրադադարի հազարավոր խախտման դրսեւորումները։

Մենք բազմիցս, ինչպես որ եռանախագահ երկրները, կոչ ենք արել հարգել 1994թ. մայիսին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը: Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժել եւ շարունակում է մերժել համանախագահ երկրների կողմից հրադարարի ռեժիմի ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտումների, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ բազմաթիվ առաջարկները:

Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլեւ շարունակաբար կոպտորեն խախտում է հրադադարը եւ սադրանքներ կազմակերպում, չի հարգում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները` հրադադարի պահպանման եւ ամրապնդման վերաբերյալ` ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հաստատված հրադադարի պայմանները, այլ նաեւ 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձեւաչափով համաձայնությունը, որով Ադրբեջանը պարտավորվել էր ձեռնպահ մնալ հակամարտության սրմանը նպաստող հայտարարություններից, խախտումների մասին անմիջապես տեղյակ պահել հայկական կողմերին ու միջնորդներին, եւ ոչ թե շինծու մեղադրանքներով սաստկացնել հակահայկական քարոզչությունը: Բաքուն տասնյակ տարիներ խախտում է այդ պարտավորությունները:

Երկու օրից լրանում է հրադադարի հաստատման 20-ամյակը, եւ կարծում եմ, որ եռնախագահները կօգտագործեն այդ կարեւորագույն առիթը՝ հանդես գալու վճռական ուղերձ պարունակող հատուկ հայտարարությամբ։ Կարեւոր է բացառել ուժի կիրառումը՝ դրանով իսկ առավել բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի հաջողության համար։

Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության եւ ոչ թե պատերազմի։ Ցավոք` մինչ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը հակառակն է անում։ Չնայած սադրիչ հռետորաբանությունից եւ գործողություններից զերծ մնալու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերին` Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը, մարդասպանների հերոսացումն ու խաղաղության կոչ անողների հետապնդումները, այլատյացության, անհանդուրժողականության եւ թշնամանքի քարոզչությունը, ինչը հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի սրմանը։

Ջեյմս Ուքորլիքի կողմից ներկայացված հիմնախնդրի հանգուցալուծման տարրերը, ընդհանուր առմամբ, արտացոլում են համանախագահ երկրների առաջարկությունները։

Ինչպես եւ եռանախագահները, մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին տարիների ընթացքում եռանախագահ երկրների ղեկավարների՝ լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս-Կաբոսում եւ Էնիսկիլենում համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի տեւական խաղաղ կարգավորման համար։

Ամերիկացի դիվանագետը նշում է, որ տեւական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները: Մենք բազմիցս ենք ընդգծել, որ առանց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնարին է հասնել խնդրի հանգուցալուծմանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ճշմարտացի է, որ առաջարկությունների որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:

Մենք կիսում ենք եռանախագահների կարծիքը, որ այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, եւ դրանցից որեւիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը:

Ի տարբերություն Ադրբեջանի, որն առիթ կամ անառիթ հղում է անում միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքի, Հայաստանը, արձագանքելով եռանախագահող երկրների ղեկավարների կոչերին, բազմիցս է արտահայտել եւ եւս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն առ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման, եւ տարածքային ամբողջականության։

Հայաստանը հետեւողականորեն շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երիների հետ համատեղ ջանքերն` ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան համակարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»,- նշել է Նալբանդյանը։




Լրահոս