21-րդ դարում հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն առավել լուրջ են և վտանգավոր: Թվում էր, թե համաշխարհային առաջընթացը համայն հայությանը պիտի բերեր ծաղկուն խաղաղություն, երազանքների իրագործում և վերջապես պատմական արդարության հաստատում: Ավաղ, աշխարհաքաղաքական ժամանակակից գործընթացներն այնպիսին են, որ ամենուրեք անտեսված և ճնշված են մեր ժողովրդի կենսական իրավունքները, ազգի լինելիությունը վտանգի տակ է թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում:
Հայությունը շարունակում է գոյատևումը դաժան պայքարի շրջանակներում: Դեպի հաղթական հարատևում ճանապարհը գրեթե անանցանելի է: Երբեմնի կենսունակ ազգն աստիճանաբար կորցնում է իր ավանդական, քաղաքակրթական, գիտամշակութային փառքը և վերածվում անդեմ, գորշ քոչվոր հանրության: Այս իրողությունն է տիրում պատմական հայրենիքի փոքրիկ բեկորում՝ ՀՀ-ում, որտեղ արտագաղթը հասել է աղետալի չափերի: Այդպես է նաև սփյուռքում: Իսկ Քեսաբի վերջին դեպքերը ցույց տվեցին, որ հայությունը պատրաստ չէ դիմակայել իրեն արտահանող բիրտ ուժին:
Ըստ այդմ՝ հասունացել է պահը ստեղծելու վերոհիշյալ մարտահրավերներին դիմակայելու համազգային կենտրոն: Դաշտային հրամանատարների խորհուրդը կոչ է անում համախմբվել համահայկական դիմադրության՝ «Առաջին գծի» ստեղծման շուրջ և առաջարկում է անհապաղ ձևավորել հատուկ մարմին՝ այդ գաղափարի իրագործման և համապատասխան կառուցակարգերի մշակման ուղղությամբ: Պահն օրհասական է, հապաղելն՝ այլևս անթույլատրելի:
Դաշտային հրամանատարների խորհուրդ