Արմեն Գևորգյանը հանդիպել է մարզպետներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ այս տարվա առաջին խորհրդակցությունը: Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը մարզպետներին տեղեկություններ ներկայացրեց հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացակարգերի մասին: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի պահպանվեն սահմանված ընթացակարգերն ու ժամկետները: Ս. Գալստյանը տվյալներ ներկայացրեց նաև սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրի արդյունքների մասին: Նշվեց, որ ծրագիրն ընդհանուր առմամբ հաջողությամբ է իրականացվում, միայն որոշ մարզերում` Արագածոտնում, Արմավիրում, Գեղարքունիքում և Տավուշում, սերմացուի վերադարձելիության մակարդակը բավարար չէ: Մարզպետներին հանձնարարվեց տեղերում քննարկել խնդիրը, քայլեր ձեռնարկել վերադարձելիության ապահովման ուղղությամբ:  Քննարկվեցին նոր ֆինանսական տարում դպրոցներում աշխատավարձի ֆոնդի հետ կապված խնդիրներ` հաշվի առնելով ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 28-ի N 1088-Ն որոշմամբ սահմանված ժամաքանակները և դրանց հիման վրա հաշվարկված գործակիցները: Հանձնարարվեց Տարածքային կառավարման, Կրթության և գիտության, Ֆինանսների նախարարություններին մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել առաջացած խնդիրները և դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել: Քննարկվեցին նաև «Վարչական հսկողության իրականացման և կադրային գործի վարման ընդհանուր դրույթներ» մեթոդական ուղեցույցի նախագծի վերաբերյալ մարզպետարաններից ստացված առաջարկությունները: Որոշվեց երկշաբաթյա ժամկետում ամփոփել աշխատանքները: Փոխվարչապետն առաջարկեց 2012թ. ծրագրերով նախատեսված աշխատանքներն իրականացնել նշված ուղեցույցի հիման վրա: Մարզպետներին հանձնարարվեց մինչև հունվարի 16-ն ամփոփել տեղական բյուջեների կատարման աշխատանքները և արդյունքները ներկայացնել Տարածքային կառավարման նախարարություն, որոնք կքննարկվեն ՏԿՆ կոլեգիայի առաջիկա նիստում: Խորհրդակցությանը քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս: Այս մասին հաղորդում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:   




Լրահոս