Ինչպես հասանք ապոկալիպտիկ վիճակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրող-հրապարակախոս, երգիչ, արվեստաբան Վահրամ Թաթիկյանը համոզված է. «Երկու տասնյակից ավելի տարիներին իրականացված կադրային անողոք ջարդը մեզ բերեց նրան, որ եթե, Աստված ոչ բարով, լինեի նախագահ կամ վարչապետ, և ինձ հարցնեին՝ ո՞ւմ կնշանակես նախարար, կդժվարանայի ընտրություն կատարել: Օրինակ՝ Սփյուռքի համար պարզապես շատ վատ դերակատարություն ունի Հրանուշ Հակոբյանը, մշակույթի համար՝ Հասմիկ Պողոսյանը. կոմունիստական վարչակարգից մնացած անձնավորություններ են, որոնք ոչ մի դրական բան չեն արել այս տարիների ընթացքում»:

Վահրամ Թաթիկյանը կարծում է, որ Հայաստանն այսօր պարզապես չունի մտավոր, գաղափարական, կադրային ռեսուրս, և մենք գտնվում ենք մի անկման մեջ, որի նմանը երբեք չենք ունեցել: Բայց չի ցանկանում հուսահատվել, որովհետև հավատում է «հայի վերջին խելք»  կոչված բարձրագույն կատեգորիային:

«Այսօր մեր ազգի համար կա մի փորձություն, մի հրամայական. պետք է կարողանանք միջազգային հանրությանը ներկայացնել, թե ինչ բան է Մուսա լեռը և նրա վերջին բեկոր Քեսաբը: Իսկ եթե հանկարծ Քեսաբի կորստի հետ համակերպվենք, և դա դառնա սովորական փողոցային դժգոհությունների ակցիա, կկորցնենք նաև Ղարաբաղը: Ընդհանրապես ամեն ինչ թելադրվում է աշխարհի խոշոր կենտրոններից, երբեմն ասում են՝ էդ կենտրոնը Ռուսաստանն է կամ ԱՄՆ-ը: Ոչ, նրանք ողորմելի դրության մեջ են, և նրանց էլ թելադրում են: Չեմ ցանկանում ենթադրությունների գիրկը ընկնել, բախտագուշակ լինել և ասել, թե այսօր աշխարհի քաղաքական զարգացումները, որոնք մարդկությանն ընդհանուր առմամբ տանում են դեպի կործանում, որտեղից են թելադրվում: Եվ ում է պետք այս ապոկալիպսիսը, որ մատուցվում է: Միայն կարող եմ ասել, որ ազգը պետք է հավաքվի, զգոն լինի»:

Ապա մեր զրուցակիցն անդրադարձավ բնապահպանական խնդիրներին, որոնցով շատ վաղուց է զբաղվում: Ըստ նրա՝ բնապահպանության նախարարը բնության թշնամին է, նախորդն էլ էր այդպիսին. նրանք բնությունը դիտում են որպես ռեսուրս, որը պետք է անխնա շահագործեն: «Բայց այսօր կդժվարանայի նաև ընդդիմադիրներից, սուտ էկոլոգիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից որևէ մեկին նշանակել այդ պաշտոնում. ո՛չ խորը գիտելիքներ ունեն, ո՛չ էլ պայքարի մարտավարություն… Ոմանք համոզում են, որ մեր երկիրն աղքատ է բնական ռեսուրսներից, բայց այդ 29 հազար քառակուսի կմ տարածքով՝ Ղարաբաղն էլ գումարած, Հայաստանն աշխարհի ամենահարուստ վայրերից է, որտեղ Մենդելեևի աղյուսակի համարյա բոլոր բաղադրիչները կան: Ու նաև ջրային ռեսուրսներն են բավական՝ սկսած մաքուր ջրից մինչև արտեզյան ջրհորները և այլն»:

Վ. Թաթիկյանը 1976-ին գրել է «Մեռնող քաղաք, իմ սեր», 1969-ին՝  «Վերջին սենտիմենտալը» երգերը, որտեղ ներկայացրել է անապատ դարձող լեռների պատկերը: ՙԷկոլոգիական պրոբլեմը, որը 1987-ի հոկտեմբերի 27-ին ձևակերպվեց իմ, Հակոբ Սանասարյանի, Կարինե Դանիելյանի, Կարեն Սիմոնյանի և համալսարանի բանասիրական ֆակուլտետի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, հանգեցրեց Հայաստանում առաջին էկոլոգիական ցույցին:

Երգեցի «Մեռնող քաղաք, իմ սեր»-ը, ուսանողությունը գնաց Օպերայի հրապարակ և այնտեղ հանդիպեց մի ողորմելի խմբի, որը Իգոր Մուրադյանի գլխավորությամբ ստորագրություն էր հավաքում Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջով: Մի 200 ստորագրություն էին հավաքել: Հետո էկոլոգիական շարժումը փոխակերպվեց այդ պահին առավել հրամայական ղարաբաղյան շարժման: Բայց, ցավոք, երբ շարժումն իր առաջին հաղթանակը տոնեց, հենց այն մարդիկ, ովքեր դրա հետևանքով եկան իշխանության, զբաղվեցին հարստահարությամբ:

Մեր ազգի ողբերգությունն այն էր, որ չհասկացանք՝ քաղաքական, ղարաբաղյան շարժումները և բնապահպանությունը ամբողջական երևույթ են, ազգը պիտի պայքարի ոչ թե հանուն ինչ-որ քաղաքական տարածքի, այլ հանուն այդ տարածքի բնության: Եվ դա չհասկանալով՝ հասանք այս ապոկալիպտիկ վիճակին, դրա հետևանքով առաջացան վարչապետեր և այլն, որոնք, իրենց ձեռքի տակ ունենալով տնտեսական լծակներ, անխնա ոչնչացրեցին նաև բնությունը, մեր ռեսուրսները՚:




Լրահոս