Զինծառայողները համախմբվել և ծեծել են հրամանատարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Սյունիքի մարզի N զորամասի 20-ամյա զինծառայողներ Կարո Գասպարյանը, Արեն Աբալյանն ու Արծրուն Աբրահամյանը, համախմբելով, ծեծի են ենթարկել իրենց հրամանատար Ռոբերտ Օհանյանին:

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ զինծառայողներ Կարո Գասպարյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Ննգի գյուղից է, Արեն Աբալյանը` ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից, Արծրուն Աբրահամյանը` ՀՀ Լոռու մարզի Մեծավան գյուղից, իսկ Ռոբերտ Օհանյանը` Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղից:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ ծեծի պատճառը զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողների միջև առաջացած վիճաբանությունն է եղել:

Փաստի առթիվ Սյունիքի մարզի գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան, և քննվելու է դատավոր Լեռնիկ Աթանյանի վարույթում:

Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Կարո Գասպարյանի շահերը պաշտպանելու է ԼՂՀ Փաստաբանների պալատի փաստաբան Ռաֆիկ Մարտիրոսյանը, Արեն Աբալյանինը` Վոլոդյա Ստեփանյանը, Արծրուն Աբրահամյանինը` Արթուր Շամիրյանը:

Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 359  հոդվածի 3 մասի 1,3 կետերով: Այսինքն` նրանց սպառնում է պատիժ` կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Իսկ 3-րդ կետի չափանիշներով` պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով:

Զինծառայողների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տաթև Հարությունյան




Լրահոս