armlur.am-ի հավաստի տեղեկություններով` 2013 թվականի ուսումնական տարվա մեկնարկից չանցած մեկ ամիս` Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի դպրոցում միջադեպ է գրանցվել:
Նույն դպրոցի սաներ 17-ամյա անչափահասներ Մեսրոպ Գրիգորյանը, Աբրահամ Շահինյանն ու Արկադի Պողոսյանը սեպտեմբերի 26-ին` ժամը 13:30-ի սահմաններում, վիճաբանել են իրենց դպրոցի 40-ամյա ուսուցիչ Սևակ Բադալյանի հետ: Ավելի ուշ, համաձայնության գալով, անչափահաս աշակերտները ծեծի են ենթարկել ուսուցչին:
Գեղարքունիքի մարզի գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Վարդենիսի նստավայր: Անչափահաս աշակերտների մասով քրեական գործը գտնվում է դատավոր Վահագն Մելիքյանի վարույթում:
Մեղադրական եզրակացությունից հայտնի է դառնում, որ աշակերտներին մեղադրանք առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3 մասի 1, 4 կետերով, որի չափանիշների համաձայն` վերոնշյալ արարքը պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ 1-2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Անչափահաս դպրոցականների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
Տաթև Հարությունյան