
Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների նպատակներից մեկը երկրի ներսում իշխանությունների դեմ ժողովրդական զայրույթի ալիք առաջացնելն է: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել են ԱՄՆ-ի հետախուզական ծառայության ներկայացուցիչները, որոնց խոսքը մեջբերել է Washington Post-ը: Նրանք նշել են, որ պատժամիջոցները ոչ միայն խարխլում են Իրանի կառավարության դիրքերը, այլեւ հարվածում են հասարակ ժողովրդին, քանի որ ազդում են երկրի էկոնոմիկայի վրա: «Այդ միջոցները նպատակամղված են հանրային դժգոհություն առաջացնելուն, որը կօգնի ստիպել կառավարությանը հրաժարվելու ռազմական միջուկային ծրագրից: Բացի այդ, դրանք առաջ կբերեն ժողովրդական զայրույթի ալիք, այնպես որ իշխանությունները ստիպված կլինեն մտածել քաղաքականությունը փոխելու անհրաժեշտության մասին»,- ասել է թերթի զրուցակիցներից մեկը: