ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷԼԻ ՔՈՒՅՐԻԿ

Արթուր Բաղդասարյանի ղեկավարած ԱԽՔ-ը հոկտեմբերին գնել է կրակմարիչներ: Բնականաբար, այդ գնումն իրականացրել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Ուշագրավը, սակայն, ոչ թե ծախսված գումարի չափն է` 121 հազար ՀՀ դրամ, այլ` թե ումից է ձեռք բերել կրակմարիչները: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դրանք գնվել են «Մարուս Դոխոլյան» անհատ ձեռնարկատիրոջից: Հիշեցնենք, որ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի կուսակից ընկեր, էգ առյուծ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան, որն ՕԵԿ ցուցակով հավակնում է դառնալ ԱԺ պատգամավոր, Լեւոն Դոխոլյանն է` «Քույրիկ Լեւոնը»: Համաձայնե՛ք, որ Մարուս եւ Լեւոն Դոխոլյանների ազգանունների նույնությունն ամենեւին էլ չի կարող պատահական համընկնում լինել: Ինչից կարելի է ենթադրել, որ Ա. Բաղդասարյանը բավական ուշադիր է եւ հոգում է իր կուսակից ընկերների բիզնեսի ծաղկման մասին, ավա՜ղ, ՀՀ քաղաքացիներիս հաշվին:

ՄԵՂԱԴՐՅԱԼ ՉԿԱ

2012թ. դեկտեմբերի 14-ին Բուսաբանական այգու ջերմոցներից մեկում ինքնասպան եղած 39-ամյա Էդուարդ Հովակիմյանի գործը կասեցվել է: Նշենք, որ Էդուարդը ՀՀ ՊՆ-ում վարորդ էր աշխատում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը հաստատեց լուրը՝ հավելելով, որ գործը կասեցվել է ՀՀ քր. դատ. օր. 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով. ասել է թե՝ եթե հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:

ԿՄԵԿՆԵՆ ԼՈՆԴՈՆ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամներն առաջիկայում պատրաստվում են մեկնել Լոնդոն` մասնակցելու Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության` ELDR-ի նոյեմբերի 28-30-ն անցկացվող համաժողովին: Հիշեցնենք, որ ELDR-ին անդամակցել էր ՀՀՇ-ն 2010թ., եւ հիմա ՀԱԿ-ը՝ որպես ՀՀՇ իրավահաջորդ, ինքնըստինքյան համարվում է եվրոպական այդ կուսակցության անդամ: Համաժողովին մասնակցելու է 650 պատվիրակ, այդ թվում` եվրոպական մի շարք առաջատար երկրների նախարարներ ու պատգամավորներ:

ՀՈՒՆԻ ՄԵՋ ԵՆ

Այս պահին «Սադախլո» մաքսային անցակետում կանգնած հայկական կարտոֆիլով բեռնված մեքենա գրեթե չկա: Հիշեցնենք, որ նախօրեին «Սադախլո» մաքսային անցակետով ՀՀ-ից 350 տոննա կարտոֆիլով բեռնված 14 մեքենա է մտել Վրաստան: Մեքենաներում վրացիները զննել եւ հայտնաբերել էին կարտոֆիլի «գորշ փտում» տեսակի հիվանդության նշաններ:
«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ Հայաստանից Վրաստան արտահանվող եւս մի քանի տոննա կարտոֆիլի լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն վարակված չէ գորշ փտում հիվանդությամբ: «Կարտոֆիլի արտահանման գործընթացը բնականոն հունի մեջ է ընկել: Այս պահի դրությամբ որեւէ առարկում վրացական կողմից չկա»,-«Ժողովուրդ»-ին ներկայացրեց ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը:




Լրահոս