ՃԻՇՏ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
«Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել «Սեւանա լճի մասին» օրենքում, համաձայն որոնց՝ Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հէկ-երի աշխատանքը կկասեցվի ձկների ձվադրման ընթացքում` չխոչընդոտելով ջրի բնականոն հոսքը եւ ձկների ազատ տեղաշարժը: «Սույն օրենքի նախագծի ընդունման եւ կիրառման արդյունքում տեղի կունենա ձկների բնականոն վերարտադրություն եւ ձկնապաշարների ավելացում»,-կարծում են նախագծի հեղինակները:
ԳԵՆԴԵՐԻԶՄ
Կանանց նկատմամբ խտրականության վերացման միջազգային օրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը եւ Եվրամիության պատվիրակությունը, ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի երեւանյան գրասենյակները ողջունել են ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նոյեմբերի 22-ի հայտարարությունը, որով վերահաստատվում է ՀՀ կառավարության պատրաստակամությունը գենդերային հավասարության հարցում: Փաստորեն, մինչ հայ հանրությունն ընդդիմանում է «գենդերային ինտերվենցիային», ՀՀ վարչապետին կից խորհուրդը միջազգային հովանու ներքո շարունակում է իր պայքարը` «գենդեր, գենդեր մինչեւ վերջ»: Հիշեցնենք, որ այս օրինագծի մասին խոսելիս պաշտոնաթող գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանն ասել էր, թե դա «խուժան օրենք է»:
ՉԻ ՈՂՋՈՒՆՈՒՄ
ՀՀ Սյունիքի մարզի 102 բնակիչ ունեցող Ճակատեն գյուղում դեկտեմբերի 8-ին տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Այս պահի դրությամբ երկու թեկնածու է առաջադրվել՝ գործող ՀՀԿ-ական համայնքապետ Արծրունի Հարությունյանը եւ անկուսակցական մսավաճառ Անդրյուշա Դավթյանը: Ա. Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացավ՝ ասելով, թե չի ողջունում Ա. Դավթյանի առաջադրվելը: Սակայն հրաժարվեց նշել պատճառները. «Իսկ թե ինչի համար, դա էլ մեր մեջ թող մնա: Բայց լարվածություն չկա գյուղում, ամեն ինչ խաղաղ է ու հանգիստ: Մարդ է, ուզում է, թող փորձի: Ինքը կուզի՞, որ ես ընտրվեմ, բնականաբար չէ: Մրցակցություն է»:
ԵՄ ԵՎ ԵԱՀԿ
ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նոյեմբերի 25-ին Բրյուսելում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ: Քննարկվել են կազմակերպությունների միջեւ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները: Ֆյուլեն ողջունել է ԵԱՀԿ շարունակվող ջանքերը Վրաստանում, Մոլդովայում եւ Լեռնային Ղարաբաղում սառեցված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: