ԵՐԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՆԱԵՎ ՆԱԽԿԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, պատրաստվում են առաջիկայում շարունակել լայնածավալ պայքարը` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու համար: Ընդ որում, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի առաջամարտիկի դերը ստանձնել է ՀՅԴ-ն` միավորելով մյուս երեք խմբակցություններին: Սակայն այսօր շատ քչերն են հիշում, որ ստեղծված իրավիճակի մեջ իր մեղավորությունն ունի նույն ՀՅԴ-ն, որոշ չափով՝ նաեւ ԲՀԿ-ն:

Բանն այն է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ուղղությամբ Հայաստանի կառավարությունը գործնական քայլեր սկսեց իրականացնել 2008թ.-ից: Իսկ այդ ժամանակ արդեն մարտի 1-ի սպանդի արդյունքում նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի կողմից ձեւավորվել էր կոալիցիոն կառավարություն` ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ կազմով:
Եվ ահա, չորս կուսակցություններից կազմված կառավարությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ 2008թ. նոյեմբերի 13-ի նիստում ընդունեց 1487-Ն որոշումը, որով հաստատվեց «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը եւ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը»: Այդ ծրագիրը ենթադրում էր երկու հիմնական գործողություն` կենսաթոշակների չափերի ամենամյա բարձրացում եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ անձի եկամտի ու կենսաթոշակի չափի միջեւ կապի հաստատում: Ըստ ժամանակացույցի՝ նախատեսված էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնել 2010թ. հունվարի 1-ից: Սակայն 2010թ. նույն կառավարության առաջարկով հետաձգվեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի կիրառումը մինչեւ 2014թ. հունվար:
Բնականաբար, այդ ծրագիրը մշակվել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջոցով: Իսկ 2008թ. նոյեմբերին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը. նա այդ պաշտոնում նշանակվել էր դեռ հունիսին:
Կառավարության ինչպես մյուս, այնպես էլ 2008թ. նոյեմբերի 13-ի նիստում ներկայացված որոշման նախագծերն ընդունվել են միաձայն: Ասել է թե՝ այն ժամանակ կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ամենեւին չէին առարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ, որեւէ դժգոհություն չէին հայտնել, այլ, ընդհակառակը, կողմ էին քվեարկել ներկայացված նախագծին: Իսկ դա նշանակում է, որ այսօր այդ երկու կուսակցությունները եւս պատասխանատվություն են կրում կատարվածի համար: Միայն թե, այսօր նրանք գերադասում են լռել անցյալի մասին:
Միայն 2009թ.՝ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման պատճառով ՀՅԴ-ի` իշխող կոալիցիայից դուրս գալուց հետո, այդ կուսակցությունը սկսեց պայքարել կուտակային կենսաթոշակների կիրառման դեմ. 2010թ. երբ քննարկվում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, արդեն ընդդիմադիր ՀՅԴ-ականները բավական կոպիտ քննադատության ենթարկեցին այն, նույնիսկ, ի նշան բողոքի, բոյկոտեցին նախագծի քվեարկությունը: Սակայն այդ քննադատություններն ու քվեարկության բոյկոտը որեւէ օգուտ չտվեցին. մեխանիզմն արդեն գործարկված էր: Նշենք, որ նախագծի քվեարկությանը մասնակցել էր նաեւ այն ժամանակ կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ-ի ներկայացուցիչների մեծամասնությունը. միայն մի քանի հոգի Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ չէին քվեարկել:
ՀՅԴ-ականներից երեկ այդպես էլ չհաջողվեց որեւէ մեկնաբանություն ստանալ. նախկին նախարար Արսեն Համբարձումյանը զբաղված էր, զբաղված էին նաեւ ՀՅԴ-ական պատգամավորները:
Իսկ մինչ այդ արձանագրենք մեկ պարզ իրողություն. այս օրինակը հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանի քաղաքական համակարգի ողջ պերճանքն ու թշվառությունը. քանի դեռ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ էին, չէին տեսնում բացասական երեւույթները, դեռ ավելին, գոնե կառավարությունում շատ համերաշխ կողմ էին քվեարկում նախագծերին: Բայց նույն նախագծերի, նույն գործընթացների վերաբերյալ նրանց աչքերը բացվեցին իշխանությունը լքելուց հետո միայն:
Իհարկե, չի բացառվում, որ սկզբում իրենք իրոք այս ծրագիրը դրական են համարել, բայց հետո հասկացել են, որ այդ ամենը թյուրիմացություն է, եւ հիմա փորձում են ուղղել իրենց իսկ թույլ տված սխալը: Բայց այդ դեպքում տրամաբանությունը հուշում է, որ նրանք պետք է հրապարակավ ընդունեն այդ սխալն ու հայտարարեն ուղղվելու մասին: Թեեւ կոալիցիայի նախկին անդամների մոտ նման «սխալները» քիչ չեն:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս