ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԿԻՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԱՆՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով քննությունը սկսվեց ու ավարտվեց: Այդ ընթացքում դատապարտյալ Խաչատուր Պողոսյանն հանդես եկավ սկանդալային հայտարարություններով:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին՝ ժամը 23:20-ին, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել: Փետրվարի 7-ին մահափորձի կասկածանքով ձերբակալվել էին Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, իսկ ավելի ուշ կալանավորվել էր նաեւ Վարդան Սեդրակյանը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն էլ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շուրջ 9 ամիս քննելով մահափորձի այս գործը, սեպտեմբերի 23-ին որոշել էր Վ. Սեդրակյանին դատապարտել 14, նրա տունը վերանորոգող վարպետներ Խ. Պողոսյանին՝ 14, Ս. Հարությունյանին` 12 տարվա ազատազրկման:
Դատապարտյալների հարազատները, իհարկե, սույն որոշումը բողոքարկել էին ՀՀ վերաքննիչ դատարանում, որտեղ երեկ Խ. Պողոսյանը հայտարարեց, թե իրենք նախաքննական մարմնին կեղծ ցուցմունքներ են տվել, քանի որ եղել են ճնշումների տակ. «Ինձ ձերբակալելու ժամանակ կնոջս բերել են ԱԱԾ եւ վախեցրել՝ ասելով, որ եթե չասի իրենց ուզածը, գործ կհարուցեն այն մասին, թե իբր ինքն իմացել է հանցագործության մասին, սակայն տեղյակ չի պահել»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Խաչատուրի կնոջ՝ Նոնա Հակոբյանի հետ՝ պարզելու, թե ինչ են իրեն ասել ԱԱԾ-ում: Նոնան պատմեց, որ ՀՀ ազգային անվտանգության աշխատակիցներն իր հետ շատ վատ են վարվել. «Գեներալ Եպիսկոպոսյանը, որն ԱԱԾ աշխատակից է, ինձ անձամբ ասաց, թե քո ամուսինն ասաց այն, ինչ պետք է ասեր, հիմա կբարձրանաս վերեւ, մի երկու բան կգրես ու կգնաս տուն: Հետո ինձ տարան Մարուքյանի մոտ՝ մի ուրիշ սենյակ, հետո Խաչիկին բերեցին: Դե երեւի ինչ իրենց պետք է, Խաչիկն ասել էր, դրա համար ինձ տուն թողեցին: Չգիտեմ, միգուցե Խաչիկին ասել են՝ գրի՛ր, լավ կլինի»: Մեր այն հարցին, թե ԱԱԾ-ում տեղի ունեցած ճնշումների մասին ինչու է մինչեւ հիմա լռել, Նոնան պատասխանեց. «Դե ինձ հետ գռեհիկ էին խոսում, թե ինչ գործ ունի մարդուդ հեռախոսը քո մոտ, եթե իմ կնիկը հեռախոսը վերցնի… ու նման այլ բաներ: Ես վախենում էի, հիմա էլ Խաչիկի այս խոսքերից հետո կլսենք, որ կա՛մ նրա կամեռն են փոխել, կա՛մ ճնշում են գործադրել: Այն ժամանակ ձայն չէին հանում, որ վատ չլիներ: Հիմա էլ չգիտեմ՝ ինչ կլինի: Շատ անհանգստացած եմ»:
Նշենք, որ Հրանտ Եպիսկոպոսյանը ՀՀ ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն է, իսկ Մնացական Մարուքյանը՝ ԱԱԾ քննչական վարչության պետը: «Ժողովուրդ»-ն ԱԱԾ այս պաշտոնյաներից մեկնաբանություն ստանալու փորձ էլ չարեց, քանի որ, ավանդույթի համաձայն, այս կառույցը բոլոր հարցերն անպատասխան է թողնում:
Հավելենք, որ այս գործով դատապարտյալները կբողոքարկեն նաեւ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը, որպեսզի ներհայաստանյան դատական համակարգի բոլոր ատյանները սպառելով՝ հասնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս