ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել Վարդենիսի տուն-ինտերնատում տիրող իրավիճակին, մասնավորապես այս տարվա ընթացքում արձանագրված ինքնասպանության, հիվանդներից մեկի խեղդամահ լինելու, ինչպես նաեւ ծեծի դեպքերին: Տեղի ունեցած միջադեպերի մանրամասները պարզելու նպատակով այցելեցինք տուն-ինտերնատ:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 3-ին տուն-ինտերնատի բնակիչ 84-ամյա Լեոնիդ Ադունցը հանկարծամահ էր եղել, իսկ մինչ այդ ծեծի էր ենթարկվել տուն-ինտերնատի հիվանդ Սամվելի կողմից: Ուստի Ադունցի՝ սրտամկանի ինֆարկտից մահանալու պաշտոնական տեղեկությունը շատերի համար անհավանական էր: Ըստ շրջանառվող լուրերի՝ Ադունցին խեղդամահ էին արել: Հոկտեմբերի 5-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ինքնասպան էր եղել տուն-ինտերնատի բնակիչ, 1957թ. ծնված Արմո Ավակիմյանը` 2-րդ հարկի հիվանդասենյակներից մեկի պատուհանից ցած նետվելով: Իսկ ահա նոյեմբերի 2-ին տուն-ինտերնատի երրորդ բաժնի հիվանդ Արմենուհի Գրիգորյանը փայտով ծեծի էր ենթարկվել:
Ինչեւէ. «Ժողովուրդ»-ը տուն-ինտերնատի գլխավոր հոգեբույժ Միշա Կահրամանյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց բոլոր բաժիններում, եւ պարզվեց, որ առաջնային խնդիրը հոգեբույժների պակասն է. «Տնօրինությունը բազմիցս բարձրաձայնել է խնդրի մասին: Դիմել ենք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությանը, առողջապահության նախարարությանը, բայց մինչ օրս որեւէ տեղաշարժ չկա: Հիմնական պատճառն այն է, որ տուն-ինտերնատը շատ հեռու է, դրա համար էլ հոգեբույժները չեն գալիս աշխատելու»:
Նախ զրուցեցինք նոյեմբերի 2-ին ծեծի ենթարկված Արմենուհի Գրիգորյանի հետ: Սենյակում Կահրամանյանը խնդրեց Արմենուհուն, որ նա հանի իր զգեստը, եւ մենք տեսնենք՝ մարմնի վրա կապտուկներ կան, թե ոչ: Առաջին հայացքից ակնհայտ նկատվող կապտուկներ չկային, սակայն ձախ ձեռքի գույնը մի տեսակ դեղնավուն էր: «Ո՞վ է Ձեզ ծեծել»,-մեր հարցին Արմենուհին, այս ու այն կողմ նայելով, պատասխանեց. «Ես ընկնում եմ, հետո, երբ վեր եմ կենում, տեսնում եմ, որ կապտել է»: Հոգեբույժի ներկայացմամբ՝ Արմենուհին տառապում էպիլեպսիա հիվանդությամբ. «Երբ ցնցվում են, մարմինը հարվածներ է ստանում, եւ այդ դեպքում կապտուկներն անխուսափելի են»:
Հետաքրքրվեցինք, թե տուն-ինտերնատի բնակիչ Արմո Ավակիմյանը հոկտեմբերի 5-ին ինչ պատճառով է ինքնասպանություն գործել: 7-րդ բաժանմունքի բուժքույր Աննա Թովմասյանը պատմեց, որ դեպքի օրը նա անհանգիստ է եղել. «Այստեղ նա Գայանե անունով ընկերուհի ուներ եւ ինձ խնդրեց, որ տանեմ Գայանեի մոտ: Համաձայնեցի: Ավելի ուշ Արմոն սանիտարկաներից ծխախոտ խնդրեց ու հանգիստ իր համար Գայանեի սենյակում նստած էր: Ու երբ բաժանմունքի հերթապահները շրջայց էին անում՝ տեսնելու, թե մյուս հիվանդներն ինչ վիճակում են, հանկարծ աղմուկ-աղաղակ լսվեց, թե Արմոն իրեն գցել է: Շուտ զանգահարեցինք շտապօգնություն ու ոստիկանություն»:
Խոսեցինք նաեւ Արմոյի մտերիմ ընկերուհու՝ Գայանեի հետ: Վերջինս պատմեց, որ երբ Արմոն մոտեցել է պատուհանին, ինքը կարծել է, թե ցանկացել է ծխախոտը նետել. «Չպատկերացրի, որ կգցվեր: Չհասցրի գոնե պահեմ, իրեն թալեց դուրս: Մենք իրար հետ շատ մոտիկ էինք, սիրում էինք իրար: Օրեր առաջ էլ իր թոռնիկի ծնունդն էր, ու թոռնիկին բերեցին Արմոյի մոտ, ծննդյան օրը նշեցին: Արմոն մենակ ինձ մի բան էր ասում՝ եթե իմ տղեն գա, թող ինձ տանի տուն»:
Նկատենք, որ թեեւ տուն-ինտերնատի որոշ բաժանմունքի պատուհանները ճաղավանդակներով փակված էին, այդ չարաբաստիկ 7-րդ բաժանմունքի պատուհանների մի մասի ճաղավանդակները բացակայում էին: «Մենք էլ հիմա պատուհանների բռնակները հանել ենք, որպեսզի նման դեպքերից խուսափենք, որովհետեւ անհրաժեշտ ֆինանսավորումն այդպես էլ չեղավ: Եթե նրանք մաքուր օդ են ուզում շնչել կամ ցանկանում են նայել բակ, մեր աշխատակիցներն անձամբ են պատուհանները բացում եւ փակում»,-ասաց Միշա Կահրամանյանը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Լեոնիդ Ադունցին ծեծի ենթարկած Սամվելի հետ: Նկատեցինք, որ Սամվելը ձեռնափայտով էր քայլում: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ընդամենը մեկ հարված է հասցրել Ադունցին: Իսկ թե ինչն է եղել պատճառը, Սամվելը միայն թոթվեց ուսերը: Նշենք, որ ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների՝ Լ. Ադունցը մահացել է սրտամկանի ինֆարկտից, այլ ոչ թե փայտի հարվածից:
Իհարկե, բոլոր դեպքերի նկարագրությունը, առանց տուն-ինտերնատ այցելելու, «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներում արել էր, սակայն ավելորդ չէր կարծիքներ լսել անգամ տուն-ինտերնատի բնակիչներից:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս