ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ՄԱՔՍԱՆԵՆԳ
Երեւան քաղաքի բնակիչ, 1960թ. ծնված Արթուր Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 25-ին, Վրաստանից Բագրատաշենի մաքսակետով ժամանելով Հայաստան, մաքսային ծառայության աշխատակիցների բանավոր հարցին պատասխանել է, թե հայտարարագրման ենթակա ապրանքներ չունի, որից հետո իր վարած «Մերսեդես Բենս» ավտոմեքենայի հետեւի նստատեղի hետնամասում մաքսային հսկողությունից թաքցված ձեւով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է խոշոր չափերի՝ 2 միլիոն 184 հազար դրամ արժողության 2 հատ «iPhone 5 16GB» տեսակի բջջային հեռախոս եւ 5 հատ «iPad» տեսակի պլանշետային համակարգիչ: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կրկնակի զննությունից հետո ավտոմեքենայից հայտնաբերվել են մաքսանենգությամբ Հայաստան ներկրված վերոհիշյալ ապրանքները: Նախկինում չդատված Ա. Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով (մաքսանենգություն): Սույն քրեական գործով դատավարության հերթական նիստը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում նշանակված է դեկտեմբերի 5-ին:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԵԼՔ
Ներկայումս Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածում կառուցվում է 3.5 կմ երկարությամբ խճապատ ճանապարհ: Այս մասին մեզ հայտնեցին Բերդի շրջանի սահմանամերձ համայնքների ղեկավարները: Նոր ճանապարհը թեեւ սահմանի այդ վտանգավոր հատվածում որոշ չափով նվազեցնում է ադրբեջանական գնդակոծությունների ռիսկը, սակայն լիովին անվտանգ չէ: Բերդի շրջանի 15 համայնքապետեր նամակ են գրել Սերժ Սարգսյանին՝ խնդրելով, որ նորոգվի լիովին անվտանգ Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի պաշտոնավարման առաջին իսկ օրը, այդ հատվածում ադրբեջանական զինուժի գնդակոծության հետեւանքով զոհվեց մեկ, վիրավորվեց ժամկետային 3 զինծառայող:
Նոյեմբերի 24-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հանդիպել է Բերդի շրջանի համայնքապետերի հետ, նրանց ասել, որ սահմանագոտում նոր կառուցվող ճանապարհը ժամանակավոր ելք է, իսկ ավելի ուշ նորոգվելու է Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհը: Մեր տեղեկություններով՝ ճանապարհի խնդրի հետ կապված՝ Բերդի շրջանում սննդամթերքի որոշ տեսակների թանկացում է նկատվում: Նշենք, որ պառավաքարցիներն ինքնակամ բացել են Վազաշեն-Պառավաքար հատվածը: Այդտեղ, չնայած ոստիկանական հերթապահող խմբերի առկայությանը, ներկայումս երթեւեկ է կատարվում: Ժամանակը ցույց կտա, թե Բերդի շրջանի բնակչությունը, Իջեւան-Բերդ հատվածում երթեւեկողները որ ճանապարհը կնախընտրեն:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ