ՑԱՎՈՔ, ՏԱՆՈՒԼ ՏՎԵՑԻՆՔ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համատեքստում ՀՀ անկախության մասին, ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ այդ քայլով երկիրը տանուլ տվեց իր 22-ամյա անկախությունը:

-ՄՄ մտնելու պարագայում մեր երկրի հետագա ճակատագիրն ինչպիսի՞ն կլինի:
-Ախր ես շատ քիչ բան եմ հասկանում ՄՄ-ի օգուտներից կամ վնասներից: Եթե այն ենթադրում է անկախության կորուստ, այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ պայքարելը, անկախության համար զոհվելն ու մաքառելը, բայց եթե անկախության կորուստ չէ, այլ մեր երկրին օգտակար երեւույթ, ուրեմն որեւէ բացասական բան չեմ տեսնում դրա մեջ:
-Ռուսները պահանջում են ռուսերենը դարձնել աշխատանքային լեզու: Ընդառաջելը ճի՞շտ է:
-Եթե մեր երկիրը միանում է Եվրասիական միությանը, ռուսաց լեզվին պետք է կարեւորություն տրվի, բայց ոչ մեր պետական լեզվի հաշվին: Ռուսերեն իմանալուն դեմ չեմ, եթե պետք է հայերենից ոչ պակաս լավ իմանան, ուրեմն թող իմանան, թող 10 օտար լեզու էլ իմանան: Լեզու իմանալը վատ չէ:
-ՄՄ-ի պարագայում Հայաստանի անկախությունը կորցնելու վտանգ տեսնո՞ւմ եք:
-22 տարիների ընթացքում ձեռք չբերեցինք այն, ինչ կարելի էր ձեռք բերել, դրա համար էլ երեւի այս վիճակին ենք: Եթե 22 տարվա ընթացքում կարողանայինք հզոր պետություն կերտել, պոտենցիալ ունենայինք երկիրը հզորացնելու, արտագաղթ ու անտարբերություն չլիներ, մենք այս վիճակում թերեւս չէինք լինի. թույլ եղանք, փաստորեն, թույլ: Սա 22 տարին տանուլ տալու արդյունք է: Ցավոք, անկախությունը չկերտեցինք այնպես, ինչպես ակնկալում էինք կամ երազում: Ըստ ինձ՝ հնարավորություններ ունեինք ուժեղ Հայաստան ստեղծելու, մեր երկիրը կարող էր իրենը թելադրել նույնիսկ հզորներին, բայց կրկնեմ նորից՝ ցավոք, տանուլ տվեցինք:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս