ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար, նորվեգացի գրոսմայստեր 23-ամյա Մագնուս Կարլսենը ժամկետից շուտ նվաճեց դասական շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոնի կոչումը՝ ոչ-ոքի ավարտելով Վիշվանաթան Անանդի հետ մրցամարտի 10-րդ տուրի հանդիպումը։ Ընդհանուր հաշիվը 6,5:3,5 է։ Պարտիայի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում Կարլսենը, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու հնդիկ ժողովրդին, ասել է. «Ներեցե՛ք, որ այսպիսի մրցամարտ ստացվեց»: Նա նկատի է ունեցել այն հանգամանքը, որ ժամկետից շուտ է նվաճել չեմպիոնի կոչումը։
Իսկ ահա այսօր Անթալիայում կմեկնարկի շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը, որին մասնակցում են 10 թիմեր՝ Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Եգիպտոս, Չինաստան, Նիդերլանդներ, ԱՄՆ, Թուրքիա (որպես կազմակերպիչ երկիր), Ադրբեջան (ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի ընտրությամբ): Թիմերը կմրցեն շրջանային մրցակարգով, 9 տուր:
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
Այսօր նախավերջին՝ 5-րդ տուրով վերսկսվում են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հանդիպումները E-H խմբերում։ Մրցելու են «Բազել»-«Չելսի», «Ստյաուա»-«Շալկե-04», «Արսենալ»-«Մարսել», «Բորուսիա»-«Նապոլի», «Զենիթ»-«Ատլետիկո», «Պորտու»-«Աուստրիա», «Սելթիկ»-«Միլան», «Այաքս»-«Բարսելոնա» զույգերը։
1 ՈՍԿԻ, 4 ԲՐՈՆԶ
Սանկտ Պետերբուրգում կիրակի օրն ավարտված սամբոյի աշխարհի առաջնության 82 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ մեր հավաքականի առաջատարներից ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը։ Հաղթելով բոլոր գոտեմարտերում՝ նա հասավ եզրափակիչ, ուր առավելության հասավ նաեւ ռուսաստանցի Ռյաբովի նկատմամբ ու հռչակվեց աշխարհի չեմպիոն: Հիշեցնենք, որ բրոնզե մեդալների էին արժանացել Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Սոսե Բալասանյանը` 52 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ, եւ Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ:
ՅՈՒՐԱՆ ՄԵԿՆԵՑ ԱՄՆ
Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցեց Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության՝ ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը, սակայն փոխարինվեց։ Եվ, ինչպես հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, հայ ֆուտբոլիստը մեկնել է ԱՄՆ, որտեղ ծնկի վիրահատության է ենթարկվելու Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Այսօր նա պետք է բուժզննում անցնի, որի ընթացքում հայտնի կդառնա վիրահատության օրը: Նախնական ախտորոշմամբ՝ Մովսիսյանի մոտ առկա է ծնկահոդի մենիսկի վնասվածք:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ