ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵԿԼԱՐԱՏԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, թե ինչ մշակութային քաղաքականություն է վարելու նախարարությունը 2014 թվականին։ Եվ այսպես, առանցքային ուղղություններից մեկը կլինի հուշարձանների պահպանության հիմքերն ամբողջականացնող ենթակառուցվածքների ստեղծումը (գիտագործնական եւ ուսումնական կենտրոն, տեսչություն)։ Նկատեցի՞ք, թե ինչպիսի խուճուճ նախադասություն է. մինչդեռ հուշարձանները, գրեթե համոզված ենք, շարունակելու են քանդվել ու թալանվել։

Տեղեկատվության մեջ նաեւ նշված է, որ հատուկ ուշադրություն կդարձվի երգչախմբային արվեստի զարգացմանը։ Այս դեպքում ամեն ինչ պարզ է ու հասկանալի։ Իսկ ահա հաջորդ տեղեկատվությունը մեզ մոտ մեծ կասկածներ է առաջացնում։ Ահավասիկ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` կիրականացվեն մի շարք ծրագրեր մշակույթի տարբեր ոլորտներում: Իհարկե, չենք բացառում, որ կկազմակերպվեն, ասենք, ասմունքի երեկոներ, որտեղ կհնչեն հատվածներ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն»-ից, Հովհաննես Շիրազի «Դանթեական»-ից, ոմանք կարտասվեն, ոմանք կհուզվեն։ Եվ կստացվի, ինչպես ասում են, սեփական յուղի մեջ տապակվել։ Մինչդեռ շատ ավելի կարեւոր է միջազգային հանրությանը, աշխարհին ներկայացնել Հայոց ցեղասպանությունը, խոսել դրա հետեւանքների, վտանգների մասին, եւ այդ հարցում անչափ կարեւորվում է Հայոց ցեղասպանության մասին կինոնկարի դերն ու նշանակությունը։ Ընդ որում, պետք է նկարահանվեն գեղարվեստական, վավերագրական եւ անիմացիոն ֆիլմեր, բայց… Երբ հերթական, արդեն, երեւի, տասներորդ անգամ ցանկացանք իմանալ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կինոնկարների ճակատագիրը, մշակույթի նախարարությունից հերթական անգամ մեզ խոստացան շաբաթվա ընթացքում Ազգային կինոկենտրոնի միջոցով ներկայացնել մրցույթի արդյունքները։ Դե, եթե նման տեմպերով որոշում են, թե ովքեր ու երբ են նկարահանելու կինոնկարները, դժվար թե ինչ-որ լուրջ բան ստացվի։ Հասմիկ Պողոսյանը նաեւ զեկուցել է, որ նախարարության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը կշարունակի մնալ միջազգային մշակութային համագործակցությունը, հատկապես ժողովրդական դիվանագիտության մակարդակով` հաշվի առնելով տարբեր երկրներում այսօր ծավալվող ակտիվ պայքարն ազգային արժեքների, ըստ էության, ժողովուրդների ազգային ինքնության համար… Դեկլարատիվ հայտարարություն։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս