ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕՐԵՆՔ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ծառայողական քննության խնդիրները որոնք են: Այսինքն` ինչպիսի՞ խնդիրներ են առաջ բերվում քննության անցկացման ընթացքում:
Լիդա Պետրոսյան (37 տարեկան, քաղծառայող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ծառայողական քննության խնդիրն է ապահովել՝
ա) «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական ծառայության հիմնական սկզբունքների իրականացումը,
բ) ծառայողական կարգապահության ամրապնդումը, քաղաքացիական ծառայողի կողմից կատարված կարգապահական խախտման յուրաքանչյուր դեպքի ժամանակին բացահայտումը, որպեսզի քաղաքացիական ծառայողների նկատմամբ կարգապահական տույժերը կիրառվեն` խախտման ծանրությունը եւ այլ հանգամանքները հաշվի առնելով, ինչպես նաեւ բացառվեն անհիմն կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը,
գ) կարգապահական խախտումների կանխարգելումը եւ դրանց առաջացմանը նպաստող պայմանների վերացումը,
դ) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում քաղաքացիական ծառայողների իրավունքների մինչդատական պաշտպանությունը,
ե) ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքների ժամանակին, լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ պարզաբանումը:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ այս խնդրի հետ կապված` մոտ մեկ ամիս առաջ պետական հիմնարկների արհմիությունը կազմակերպել էր նամակ-ստորագրահավաք՝ ուղղված Սերժ Սարգսյանին, վարչապետին եւ ԱԺ նախագահին: Եվ չնայած քաղծառայողների միջին աշխատավարձը կազմում է 120.000 դրամ, բայց, աշխատակիցների պնդմամբ, արդարացի չէ, որ մեկը ստանա 120.000 դրամ, իսկ մյուսը` 600.000, եւ ստացվի, որ միջինը 120.000 դրամ է: Նշենք, որ վերջին 5 տարիներին քաղծառայողների բազային աշխատավարձը չի փոխվել, մինչդեռ այդ նույն ժամանակահատվածում գնաճը, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 40,2 տոկոս:

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս են ընդունվում անձին հաշմանդամ ճանաչելու կամ հաշմանդամության որեւէ խումբ սահմանելու որոշումները: Տվյալ դեպքում ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ:
Հայկուհի Դանիելյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ որոշումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ ելնելով բժշկասոցիալական փորձաքննության արդյունքներից, հիմք ընդունելով անձի օբյեկտիվ զննումն ու բժշկական հետազոտման արդյունքները («ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդված):
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ մեր երկրում հաշմանդամների իրավունքները, մեղմ ասած, ոտնահարված են: Նրանք ունեն ազատ տեղաշարժվելու, հասարակության մեջ լիովին ընդգրկվելու եւ, ամենակարեւորը, աշխատանք ունենալու մեծ խնդիր: Ըստ պաշտոնական տվյալների` 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվարկվում է 189.700 հաշմանդամ: Առավել մեծ թվով հաշմանդամները (Երեւանից հետո) Լոռիում են` 19.409, որոնց կեսից ավելին՝ 9.208-ը, կանայք են, 774-ը՝ երեխաներ: Ավելացնենք, որ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ տարբեր բուհերում մասնագիտական ուսուցում է ստանում 581 հաշմանդամ:




Լրահոս