Մոսկվայի սիմոնովսկյան դատարանն արտոնել է մարզիկ Ալեքսանդր Եմելյանենկոյի ձերբակալությունը: Վերջինս մեղադրվում է սեքսուալ բնույթի գործողությունների և անձնագրի գողության մեջ: Նա ձերբակալված կմնա մինչև հունիսի 30-ը:
Դատարանը համաձայնել է քննչական մարմնի այն դիրքորոշման հետ, ըստ որի՝ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալը կարող է թաքնվել իրավապահ մարմիններից, ինչպես նաև՝ ճնշում գործադրել վկաների և տուժածի վրա, քանի որ իրեն հայտնի է կնոջ գտնվելու վայրը:
Եմելյանենկոն հետախուզման մեջ էր, քանի որ թաքնվում էր քննությունից, և նրա գտնվելու վայրը հայտնի չէր: «Ես ոչ մի տեղ չեմ թաքնվել, ես մեկնել էի Ուկրաինա, որտեղ վերջերս մահացել էր պապս: Ես կորցրել էի փաստաթղթերս և մեկնել դրանք վերականգնելու նպատակով», – ասել է Ալ. Եմելյանենկոն:
Մարզիկը վստահեցրել է, որ չի պատրաստվում ոչ մեկի վրա ճնշում գործադրել: