Ուկրաինայում ընթացող համազգային բողոքի ցույցերի ֆոնին Հայաստանում առավել հաճախ է հնչում է հարցը` ինչու ՀՀ քաղաքացիները նույնքան համախմբված եւ հավաքական կերպով չընդվզեցին ԵՄ-ի հետ ասոցացումից հրաժարվելու եւ ՄՄ-ին անդամակցելու` Սերժ Սարգսյանի որոշման դեմ: Բերվում են տարբեր փաստարկներ` սկսած Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող անվտանգության խնդիրներից, Ռուսաստանում ապրող 2,5 միլիոն հայերից, ավարտած մեր ավանդական ռուսամետությամբ: Իրականում, սակայն, այդ բոլոր փաստարկներն էլ որոշիչ չէին կարող լինել, եթե Հայաստանում լինեին կայացած քաղաքական համակարգ եւ ուժեղ ընդդիմություն: Այն, ինչ տեսանք սեպտեմբերի 3-ից հետո, որեւէ կապ չուներ Հայաստանի քաղաքական ուժերի հետ: Մաքսային միությանն անդամակցելուն ընդդիմացան առավելապես քաղաքացիական շրջանակները, իսկ ՀՀ ընդդիմադիր համարվող քաղաքական ուժերը գերադասեցին Ռուսաստանի հասցեին «թթու խոսք» չասել: Եվ այս առումով դժվար է չկիսել «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի` երեկ հնչեցրած գնահատականը, ըստ որի` «մեր պետականության ամենամեծ վտանգն այսօրվա քաղաքական համակարգն է»: «Ըստ էության, այդ ողջ քաղաքական համակարգը` թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմություն, սպասարկում է միայն ու միայն Ռուսաստանի շահերը, որովհետեւ այս քաղաքական համակարգը կարող է գոյատեւել միմիայն Ռուսաստանի հովանու ներքո»,-կարծում է այդ համակարգի երբեմնի կարկառուն ներկայացուցիչը, ով, ի դեպ, ժամանակին ջանք ու եռանդ չէր խնայում` ԱՄՆ դեսպանին համոզելու համար, որ ՀԱԿ-ի ղեկավարի ռուսապաշտական հայտարարություններն ընդամենը քաղաքական բլեֆ են:
Երեկ Հայաստանի չկայացած քաղաքական համակարգին է անդրադարձել դրա մեկ այլ երբեմնի ակտիվ ներկայացուցիչ` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: 168.am-ին տված հարցազրույցում նա ասել է. «Ընդդիմությունն էլ մեղքի իր բաժինն ունի, որ Հայաստանը դառնում է նոր Խորհրդային միության մի մաս»: Հիշեցնենք, որ նույն Արամ Սարգսյանը սեպտեմբերի 3-ից հետո հայտարարեց, թե այսուհետ ինքն «անողոք պայքար է մղելու իշխանության դեմ»: Մինչ օրս, սակայն, Ա. Սարգսյանի կողմից ոչ միայն անողոք, այլեւ անգամ ողոք պայքարի դրսեւորումներ չեղան, եւ այսօր նա ընդամենը հանդարտ տխրությամբ արձանագրում է նաեւ մեղքի իր բաժինը. «Եթե ընդդիմությունն ասում եւ անում է նույն բանը, ինչ իշխանությունը, միայն այն տարբերությամբ, որ ինքը կուզենար լինել իշխանության փոխարեն, նա կորցնում է հասարակության վստահությունը: Դժբախտաբար, Հայաստանի ընդդիմությունը հիմա այդ վիճակում է»: Ավելի լավ դժվար է ասել: