ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ ԷԼԻ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ

«Վիլնյուս կամ հրաժարական» կարգախոսով երեկ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց նստացույց հայտարարած ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, տեղեկանալով, որ Սերժ Սարգսյանը մասնակցելու է Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին, դադարեցրել է նստացույցը: Նա ասել է, թե իր նստացույցի պահանջը հենց պատշաճ մակարդակով ներկայանալն էր: Իսկ դրանից հետո նա արդեն կսկսի պատրաստվել հանրահավաքին, որը հրավիրելու է նոյեմբերի 29-ին։ Փաստորեն, դեռեւս վերջին նախագահական ընտրությունների ընթացքում Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու գործընթացը բազմասերիանոց արարի վերածած պետականության այս «խորհրդանիշը» հիմա էլ ընդդեմ Մաքսային միության պայքարն է փորձում վերածել ֆարսի:

 

 

Մեկ տարվա ընթացքում շատ բան է անհետացել ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի ունեցվածքից: Բանն այն է, որ Ռ. Հարությունյանը 2011թ. հայտարարագրել է 112 հազար 550 դոլար արժողության «Ռենջ ռովեր» ավտոմեքենա եւ 720 հազար ԱՄՆ դոլար: Բայց մեկ տարի անց նրա հայտարարագրից անհետացել է թանկարժեք մեքենան, իսկ բանկային հաշվին ունեցած գումարը նվազել է` դառնալով 520 հազար դոլար: Հետաքրքիր է, թե մեկ տարվա ընթացքում ինչ է տեղի ունեցել ԱԱԾ տնօրենի տեղակալի ավտոմեքենայի հետ` վաճառել է, նվիրել ինչ-որ մեկին, թե պարզապես «մոռացել» հայտարարագրել` թաքցնելով ունեցվածքը: Միաժամանակ հետաքրքիր է նաեւ, թե նման թանկարժեք մեքենա կամ հարյուր հազարավոր դոլարներ ինչպես է կարողացել կուտակել` տարեկան ստանալով մոտ 5.5 մլն դրամ աշխատավարձ: Հավելենք, որ զարգացած երկրներում ուժային նման ոլորտի պաշտոնյաներին արգելված է այդքան ունեցվածք կուտակել: Ի դեպ, Հարությունյանն ԱԱԾ տնօրենի մորաքրոջ թոռն է:

 

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը պետական բյուջեի միջոցներից ավելի քան 2.9 մլն դրամ է ծախսել կահավորման նպատակով: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նախարարությունը միայն 600 հազար դրամ տրամադրել է հավաքովի պահարան գնելու համար, 864 հազար դրամ` միջանցքի ուղեգորգեր, 485 հազար դրամ՝ շերտավարագույրներ եւ 970 հազար դրամ էլ` գրասենյակային կահույք, մասնավորապես աթոռներ ու բազկաթոռներ գնելու համար: Ընդ որում, նախարարությունն աթոռներից յուրաքանչյուրը գնել է 14 հազար, իսկ բազկաթոռները` 58 եւ 59 հազար դրամով: Կարելի է ենթադրել, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր նախարարության շենքի կահավորանքը համալրելով է զարգացնում երկրի մշակույթը:

 

 

ՀՀ Սյունիքի մարզում հանքարդյունաբերությունը սարսափելի չափերի է հասնում, ինչի պատճառով էլ վտանգված է ոչ միայն մարզի գյուղատնտեսությունը, այլեւ բնակիչների առողջությունը: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում 19 պոչամբար կա, սակայն բնապահպանները հավաստիացնում են, որ այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը. պոչամբարների իրական թիվը 30 է, իսկ գործող հանքերը 450-ն են: «Կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ եթե այս տեմպերով շարունակեն հանքերը շահագործել, ապա մոտ ապագայում` 20-30 տարի հետո, Սյունիքը` որպես երկրամաս, ընդհանրապես որեւէ արժեք չի ունենա, այնտեղ պարզապես հնարավոր չի լինի ապրել: Ի դեպ, վտանգավոր թափոններ առաջացնող պոչամբարներն անցյալ տարի իրենց հասցրած վնասի դիմաց ՀՀ պետբյուջե որեւէ դրամ չեն վճարել, ինչն արձանագրված է նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության մեջ:




Լրահոս