ՍԱՐՔՈՎԻ ԹՎԵՐ
ՀՀ-ում 2012թ. աղքատության ցուցանիշը կազմել է 32.4, իսկ ծայրահեղ աղքատների թիվը` 2.8 տոկոս. այս ցուցանիշները երեկ հրապարակել է ՀՀ ԱՎԾ-ն` «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2013» զեկույցում: 2011թ. աղքատության ցուցանիշը եղել է ավելի բարձր` 35 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատների թիվը` 3.7 տոկոս: Մեկ տարվա ընթացքում աղքատության ցուցանիշի որոշակի անկումը, սակայն, մասնագետների պնդմամբ, իշխանությունների մանիպուլյացիաների հետեւանք է: Բանն այն է, որ աղքատության ցուցանիշը հաշվել են ըստ սպառողական զամբյուղի` 2 հազար 232 կիլոկալորիա, որը 2.6 տոկոսով քիչ է նախորդ տարվա հաշվարկային միավորից: Սակայն անգամ այս դեպքում պետք է արձանագրենք, որ Սերժ Սարգսյանի նախագահության եւ Տիգրան Սարգսյանի վարչապետության առաջին ամիսներին ՀՀ-ում աղքատությունը 27.6, իսկ ծայրահեղ աղքատությունը 1.6 տոկոս էր: Ասել է թե՝ 5 տարվա ընթացքում ե՛ւ աղքատների, ե՛ւ ծայրահեղ աղքատների թիվը շեշտակի աճել է: Այս ցուցանիշները լավագույնս բնութագրում են Ս. Սարգսյանի իշխանության աշխատանքը եւ գալիս են հիմնավորելու այն տեսակետը, որ վարչախմբի շուտափույթ հրաժարականն այլընտրանք չունի:
ՉԻ՞ ԳՆԱ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ճանապարհային նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանը պատրաստվում է իր բիզնեսները տեղափոխել ՌԴ: Մեր տեղեկություններով՝ վերջինս բանտից ազատվելուց հետո այդ նպատակով մեկնել է ՌԴ, որպեսզի ծանոթանա այնտեղի «պայմաններին»: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մ. Օհանյանի հետ՝ տեղեկության իսկությունը պարզելու համար: Նա չհերքեց, որ եղել է ՌԴ-ում, փոխարենը հայտարարեց. «Ես այստեղից ոչ մի տեղ գնալու չունեմ… ես էստեղ եմ մնալու մինչեւ իմ կյանքի ավարտը: Հայաստանից լավ տեղ ես չունեմ ապրելու, ես ծնվել եմ Երեւանում, մեծացել եմ Երեւանում, պապ ունեմ այստեղ թաղված, հայր ունեմ այստեղ թաղված: Չեմ էլ ընդունում, որ ինչ-որ մեկը կարող է տենց բան ասել: Էդ էր պակաս, որ ես Հայաստանից գնամ»: Երբ հստակեցրինք, որ խոսքը ոչ թե արտագաղթելու, այլ բիզնեսի մասին է, Օհանյանը կրկնեց նույն միտքը. «Ես Հայաստանից գնացողը չեմ»:
ԱՆԻՄԱՍՏ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ
«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը երբեք Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը չեն բարձրացնի, որովհետեւ ղեկավարվում են Ռուսաստանի կողմից: Ասվածի վերաբերյալ մեկնաբանություններ լսելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց նշյալ կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ովքեր անհասկանալի ձեւով սկսեցին վիրավորել Շահնազարյանին: «Հիվանդ մարդկանց ասածները չեմ մեկնաբանում»,-նշեց ՀԱԿ վարչության անդամ Վահագն Հայոցյանը: Իսկ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հարցականով սկսեց. «Ո՞վ է Շահնազարյանը, որ ես էլ մեկնաբանեմ նրա խոսքերը: Նա հազարավոր քաղաքացիներից մեկն է, եւ մենք պարտավոր չենք ամեն մի քաղաքացու արտահայտած միտքը մեկնաբանել»: