ԵՐԿՈՒ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԼԵԶՎԱԿՌԻՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՎՊ 2014թ. գործունեության տարեկան ծրագիրը: Սակայն այս գլխավոր հարցը թողած` ՀՀ երկու նախկին վարչապետերը` ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանն ու Հրանտ Բագրատյանը, սկսեցին վիճաբանել:

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն անդրադարձավ ճանապարհաշինարարությանն ու ՎՊ նախագահին ասաց, թե պետք է ուսումնասիրել նաեւ այդ ոլորտը՝ համարելով, որ այստեղ կան կոռուպցիոն լուրջ ռիսկեր: Նա օրինակ բերեց Վազաշեն-Պառավաքար ճանապարհը՝ նշելով, թե այն տանում է դեպի Ադրբեջան ու գտնվում կրակոցների տակ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն ընդհատեց Բագրատյանին՝ հայտարարելով. «Ես էլ եմ էդ ճանապարհներով գնում, բայց չեմ հանդիպել մի ճանապարհ, որ ինձ տանի ուղիղ Ադրբեջան: Չեմ հանդիպել նման բան, շրջանցող շատ ճանապարհներ կան, դրանք որակյալ են, թե որակյալ չեն, այլ հարց է, բայց չկան նման ճանապարհներ»:
Հ. Բագրատյանը նեղվեց` ասելով. «Հիմա կթողնե՞ք՝ խոսեմ: Չեմ հասկանում՝ Ձեր նպատակը գալ, ինձ էստեղ հակաճառե՞լն է: Վազաշեն-Պառավաքար տանող ճանապարհն անցնում է Ադրբեջանին կից սահմանով: Մենք ուղղակի հրաձգային կրակի տակ ենք այստեղ: Կարելի՞ է, որ ՎՊ-ն սա ուսումնասիրի: Հարյուրավոր միլիոններ ենք ծախսում, ճանապարհը փչանում է, բերում վերանորոգում են, էլի գլորվում է, ասենք՝ Մեղրիի ճանապարհը, մաշվում է, գլորվում գնում է, էլի բերում, ասֆալտապատում ենք»:
Բայց Խ. Հարությունյանը կրկին շարունակեց՝ տեղից ռեպլիկներ հնչեցնելով, խոչընդոտելով Բագրատյանի խոսքը, ինչը հունից հանեց նրան: «Չեմ սիրում, որ մարդ են բերում, որ իմ դեմ խոսա»,-հայտարարեց Բագրատյանը: Դրանից հետո Հարությունյանը բռունցքով խփեց սեղանին ու հարգանք պահանջեց. «Ո՞վ է քեզ թույլ տվել՝ իմ հետ տենց խոսաս: Ես էս հանձնաժողովի անդամ եմ: Ո՞վ ես դու, որ իմ տեղը…»: Նրան հակադարձեց Բագրատյանը` ասելով. «Հանգիստ նստի՛ տեղդ ու քեզ կարգի՛ն պահի»: Հարությունյանն էլ նետեց. «Սրա խոսալու տոնը, ոճը… Ո՞վ ես դու, որ տենց խոսաս: Էս ի՞նչ բան է: Քո կարծիքին այլ կարծիք չի կարող հնչել, հա՞, վիդիտե լի: Ես էլ կարող եմ իմ կարծիքն արտահայտել, որը կարող է չհամընկնել ձեր կարծիքին: Կոռեկտ կպահես քեզ իմ հետ խոսալուց: Վերջ»:
Այսպիսով վեճն ավարտվեց: Սակայն կարծում ենք` առայժմ, քանի որ հայրենի իշխանություններն ամեն կերպ փորձում են հակադարձել ընդդիմության ներկայացուցիչներին, ու փորձը ցույց է տալիս, որ Խ. Հարությունյանի նման մարդկանց իսկապես ուղարկում են հատուկ այդ «գործը» կատարելու: Երեւի նրա համար, որ նա գրեթե բոլոր կառույցներում աշխատել է ու կարողանում է «տակից» դուրս գալ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս