ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՍԿ Ի՞ՆՉ ՊԻՏԻ ՍՏՈՐԱԳՐԻ

Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը որոշել է մասնակցել այսօր Վիլնյուսում մեկնարկելիք Արեւելյան գործընկերության երկրների համաժողովին: Ամենայն հավանականությամբ, Ս. Սարգսյանին Վիլնյուս մեկնել համոզել են եվրոպացիները, քանի որ երկար ժամանակ նա մտադրված էր այնտեղ գործուղել ԱԳ նախարարին: Հատկանշական է այն փաստը, որ Ս. Սարգսյանի այցի մասին երեկ առաջինը տեղեկատվություն տարածեց ԵՄ-ն Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ: Եվ դրանից ժամեր անց նոր միայն ՀՀ նախագահի նստավայրը բարեհաճեց իր հերթին պաշտոնական հաղորդագրություն տարածել ու հաստատել նրա՝ Վիլնյուս մեկնելը: Թեեւ «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Արեւմուտքի որոշ ներկայացուցիչներ երեկ հանդիպել են Սարգսյանին, որից հետո նոր նախագահականը հայտարարություն է տարածել:

ԽՈՐԸ ՃԳՆԱԺԱՄ

ՀՀ-ում ժողովրդագրական խնդիրները գնալով ավելի մտահոգիչ են դառնում. արտագաղթի ահռելի տեմպերին զուգահեռ՝ Հայաստանում գնալով նվազում է ծնելիության մակարդակը: Ընդ որում, այն մեզանում նվազում է տարեցտարի. 2010թ. ՀՀ-ում ծնվել է 44 հազար 825, 2011թ.` 43 հազար 340, իսկ 2012թ.` 42 հազար 480 երեխա: Համեմատության համար նշենք, որ 1995թ. ղարաբաղյան պատերազմից եւ Հայաստանում էներգետիկ ճգնաժամից հետո ծնվածների թիվը կազմել է 48 հազար 960: Այսինքն՝ այսօր Հայաստանն ավելի մեծ ճգնաժամի մեջ է, քան պատերազմի տարիներին:

ԲԱՆԿԸ ԿԳՐԱՎԵՆ

«Տոնուս» շինարարական ընկերության կողմից խաբված Դավթաշենի երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի ավելի քան 160 քաղաքացի պատրաստվում է մոտ օրերս կրկին «գրավել» «Արցախբանկ»-ը: Այս անգամ բնակիչներին հենց բանկն է զայրացրել: «Ժողովուրդ»-ը «Տոնուս»-ից տուժած բնակիչ Զոյա Պետրոսյանից տեղեկացավ, որ «Արցախբանկ»-ի տնօրինությունն իրենց հայտնել է, թե գործարք կկնքի այն քաղաքացիների հետ, ովքեր ընկերության հետ նոտարով հաստատված պայմանագիր ունեն: Իսկ պայմանագիր ունի մոտ 50 բնակիչ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ բանկը բնակիչներին առաջարկ էր ներկայացրել, ըստ որի՝ շենքի ինքնարժեքը Դավթաշենի մասով բնակելի տարածքի 1 քմ-ն կազմում է 900 ԱՄՆ դոլար, բիզնես տարածքի 1 քմ-ն՝ 1100 ԱՄՆ դոլար, իսկ նկուղի 1 քմ-ն՝ 400 դոլար: Փափազյան շենքի բնակելի տարածքի 1 քմ-ն կազմում է 1200 դոլար, ավտոտնակը՝ 10 հազար դոլար: Նշենք, որ նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս» ընկերությունը սնանկ է ճանաչվել եւ ի վիճակի չէ ավարտին հասցնել շենքի շինարարությունը, ինչի համար էլ շենքն այժմ գրավադրված է «Արցախբանկ»-ում:




Լրահոս