«Արգենտինան լատինաամերիկյան առաջին երկիրն է, որտեղ ՀՀ-ն հիմնեց իր դեսպանությունը: Համոզված եմ, որ մենք բոլորս Հայաստանում, թե Արցախում, Արգենտինայում, թե հայաշատ որեւէ այլ երկրում, համատեղ ուժերով կարող ենք ավելի հզորացնել հայկական երկու պետությունները»:
Հովիկ Աբրահամյան News.am
Խորհրդարանի դերը զգալիորեն իջեցրած ԱԺ խոսնակն իբրեւ թե ԱԺ-ում ամեն ինչ արեց վերջացրեց, հիմա էլ անցել է արտաքին գործերին, «դիվանագիտական» մտքեր է արտահայտում, այլ երկրների ու դեսպանատների մասին իրազեկում եւ իր պոպուլիզմը փորձում հանել միջազգային շուկա: Թե ինչպես Արգամիչի սիրելի կուսակցությունը «հզորացրեց» մեր երկիրը, տեսնում ենք ամեն օր եւ զգում մեր մաշկի վրա, ուստի մեր ուղեղները լվանալն այլեւս ակտուալ չէ, հիմա էլ արգենտինացիների ուղեղները կարելի է լվանալ: Իսկ ԱԺ «դիվանագետ» նախագահին վատ չէր լինի իմանալ, որ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի մոտ չեն պարում:
«Իրավական պետությունում անձի սոցիալական վարքագիծը եւ իշխանության հանրային վարքագիծը պետք է սահմանադրականացնել, պետք է դրա հիմքում դնել իրավունքի գերակայության սկզբունքը»:
Գագիկ Հարությունյան Tert.am
Այսպես թե այնպես, մեր երկրում միայն իրավունքն է գերակայում, այլ հարց է, թե ում իրավունքը: Բնականաբար, եթե խոսում ենք ՀՀ-ի մասին, ապա այստեղ գերակայում է Սերժ Սարգսյանի իրավունքը, քրեաօլիգարխների, ՀՀԿ-ՕԵԿ-ականների եւ ԱԽՔ-ի իրավունքները, չինովնիկների, թալանչիների եւ ատկատագործների իրավունքները, սակայն ոչ ժողովրդի իրավունքը: Եվ սա նաեւ այն պատճառով, որ մենք ոչ միայն ունենք «հիանալի» դատական համակարգ, այլեւ «հոյակապ» Սահմանադրական դատարան, որը մշտապես պաշտպանում է իշխանությունների հակասահմանադրական քայլերը, քանի որ ՍԴ նախագահը հավերժ նախագահամետ կերպարի մեջ է:
«Այն, ինչ անում են ուկրաինացիները, նրանց գործն է: Մեր գործը չէ, որ մենք գնահատական տանք, իրանք գիտեն: Դե, ես Նոստրադամուսը չեմ, որ գուշակեմ՝ կկրկնվի, թե չէ, երբ որ կկրկնվի կամ չկրկնվի, էն վախտ էլ կզրուցենք»:
Մելիք Մանուկյան Yerkir.am
Նախ՝ խոսքը ոչ թե գուշակելու, այլ կանխատեսումներ անելու մասին պետք է լինի, իսկ դրա համար պետք չէ Նոստրադամուս լինել, այլ ընդամենը պետք է լինել քաղաքական գործիչ, ինչպիսին, փաստորեն, ԲՀԿ-ական պատգամավորը, որը մանդատով լիազորված է լինելու, սակայն չի ցանկանում, համենայնդեպս, իր խոսքից է այդպես բխում: Դրա փոխարեն երեւի ժամանակին լսել էր, որ իր ՀՀԿ-ական գործընկեր Մհեր Սեդրակյանը նման առիթով տվել էր «Վանգանի» անունը, եւ միտքն իրեն հավանաբար դուր էր եկել, պարզապես ամբողջությամբ չկրկնվելու համար (քանի որ ԲՀԿ-ն, ի վերջո, «այլընտրանք» է) տվեց Նոստրադամուսի անունը:
Կարեն Վարդանյան