ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱԽ ՄԱՐԴ, ԱՊԱ ՈՍՏԻԿԱՆ

«Ոստիկանին պետք է փոխել հենց համազգեստի մեջ, սովորեցնել, որ նախ մարդ է, հետո նոր ոստիկան: Նման ցանկությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր կամք, դա պետք է արվեր կամքով, համառությամբ, մանավանդ որ ի սկզբանե մենք ունենք հակառակորդներ, ինչպիսիք են հանցագործներն ու կրիմինալները»,-երեկ ոստիկանության բարեփոխումներին նվիրված համաժողովում ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` կոչ անելով համատեղել ջանքերը, քանի որ հասարակությանը վստահելի ոստիկանություն է անհրաժեշտ:

10 ՏԱՐԻ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող Արամ Ամիրզադյանը, ապացուցված համարելով Արկադի Վարդանյանի եւ գործով մյուս երկու ամբաստանյալների՝ Արսեն Ավետյանի եւ Վարուժան Սաֆտալյանի մեղքը, միջնորդել է Ա. Վարդանյանին դատապարտել 10, Ա. Ավետյանին՝ 11, իսկ Վ. Սաֆտալյանին՝ 3 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման` վերջինիս դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելով: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Ա. Ավետյանը ցանկացել է տիրանալ հոր՝ Ռոբերտ Ավետյանի տանն ու գույքին, եւ համաձայնության գալով Ա. Վարդանյանի հետ, ծրագրել է հոգեմետ նյութով թունավորելով սպանել հորը:

ԳՈՆԵ ՆԱՄԱԿ ՍՏԱՑԱՆ

Նոյեմբերի 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին: ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու տեղեկացմամբ` հանդիպման ընթացքում փոխանակվել են ընտանեկան հաղորդագրությունները: Երեկ Հ. Ինջիղուլյանի ընտանիքի անդամներն այցելել ԿԽՄԿ երեւանյան գրասենյակ եւ ստացել իրենց որդու նամակը:

ՃԱՆԱՉԵԼ ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը երեկ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի որոշումը, ըստ որի՝ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը: Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով` 2010-ից սկսած մոտ մեկ տասնյակի հասնող իրավական ակտեր են ընդունվել, այդ թվում՝ կառավարության որոշումներ, որոնց համաձայն՝ Հայաստանը պետք է նախաստորագրեր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Սաքունցը շեշտել է, որ նման շրջադարձը հակաիրավական է՝ համաձայն ՀՀ Սահմանադրության եւ մի շարք եվրոպական կոնվենցիաների:




Լրահոս