Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում վախի մթնոլորտ է եւ լարված իրավիճակ: Երեկ դպրոցի 6բ դասարանի աշակերտների ծնողները հրաժարվել էին իրենց երեխաներին տանել դպրոց՝ դասադուլ հայտարարելով: Պատճառն այն է, որ աշակերտներից մեկը մշտապես ծեծի է ենթարկում դպրոցականներին:
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր ահազանգել դպրոցի աշակերտներից մեկի ծնողը՝ տեղեկացնելով, որ դպրոցի 6բ դասարանում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել: Ըստ նրա՝ աշակերտներից մեկը` Հարություն Ղազարյանը, դասարանի գրեթե բոլոր տղաների հետ կոնֆլիկտ ունի, ու բանը հասել է անգամ ծեծկռտուքին ու հայհոյանքներին:
Պարզելու համար, թե ինչ է տեղի ունենում, «Ժողովուրդ»-ն այցելեց թիվ 71 դպրոց: Երբ հարցուփորձ արեցինք, թե որտեղ է գտնվում 6բ դասարանը, աշակերտներն ասացին, որ 6բ դասարանի դուռը փակ է, քանի որ աշակերտներից ոչ ոք չի եկել դասի:
Գնացինք տնօրեն Գայանե Դեմիրյանի աշխատասենյակ, որտեղ հավաքվել էին 6բ դասարանի աշակերտների հայրիկները՝ տնօրենից պահանջելով կտրուկ քայլերի դիմել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում աշակերտներից Միքայել Բեջանյանի հայրը՝ Սերոբ Բեջանյանը, պատմեց, որ օրեր առաջ դասարանում լուրջ վեճ է տեղի ունեցել. «Տարբեր թեմաների շուրջ, թե արա՛, չկոտրվա՞ք, մեկ է՝ ղզիկ ես, եւ նման այլ բաներ: Սեպտեմբերին երեխաներից մեկի աչքին էր խփել, աշակերտը ծանր վնասվածք էր ստացել: Ոստիկանություն չդիմեցինք, որպեսզի դպրոցի անունը չվարկաբեկենք՝ մտածելով, թե կանցնի կգնա, բայց այս երեխան լիդերություն է հաստատում ու շարունակում է հայհոյանքները, ընդհարումները: Օրերս էլ դասարանի աշակերտներից Ավետիքի հետ կռիվ է արել, տվել Ավետիքի քիթը կոտրել է, երեխային վիրահատել են, եւ դեռ երկու տարի հետո էլ, ըստ բժիշկների, վիրահատության անհրաժեշտություն կա»:
Դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում փորձել է հնարավոր ամեն ինչ անել՝ դասարանում իրավիճակը հարթելու համար: «Զրուցել եմ դասարանի աշակերտների, Հարությունի ծնողների հետ, բայց ոչ մի արդյունքի չենք հասել: Հարությունի ծնողները գալիս են, մեծ կռիվ են սարքում, չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Առաջարկել եմ երեխային տեղափոխել մեկ այլ դասարան, բայց ծնողներն ասում են, որ մեր երեխան պետք է մնա այս դասարանում եւ վերջ»,-ներկայացրեց Գ. Դեմիրյանը` հավելելով, որ իրավիճակը փրկելու համար դպրոց է հրավիրել անգամ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանին:
Վերջինս երեկ դպրոց եկավ հենց այն պահին, երբ աշակերտների հայրիկները հավաքվել էին տնօրենի առանձնասենյակում՝ խնդրին լուծում տալու վճռականությամբ: Նրանք Ա. Մելքոնյանին հանձնեցին իրենց դիմումը եւ ներկայացրին իրավիճակը: Տիկին Մելքոնյանը պահանջեց, որ տնօրենը դպրոց հրավիրի նաեւ Հարությունի ծնողներին:
Ավելի ուշ եկավ նաեւ Հարությունի հայրը՝ Հովսեփ Ղազարյանը մյուս որդու՝ Մակարի հետ: Նա էլ իր հերթին էր դիմում պատրաստել, որտեղ պատմում էր կատարվածի մանրամասները, սակայն Հարությունի եղբայրն ամեն պահի արգելում էր հորը որեւէ բան խոսել ծնողների հետ. «Պա՛պ, ոչինչ մի՛ ասա, թող ծանոթանան դիմումին եւ վերջ»: Ավելի ուշ Ա. Մելքոնյանը եւ Հարությունի հայրն առանձնազրույց ունեցան, ինչից հետո տնօրենի աշխատասենյակ եկավ ծեծկռտուքների կիզակետում հայտնված Հարությունը եւ ասաց, թե ինքն ամեն ինչ արել է աշակերտների հետ ընդհանուր լեզու գտնելու համար, սակայն ոչինչ չի ստացվել, դրանից էլ բախումներ են ծնվել:
Երբ աշակերտներից Միքայելի հայրը` Սերոբը, մի քանի հարց տվեց Հարությունին, թե ինչու է նա ասել՝ «արա՛, չկոտրվեցի՞ք» կամ նմանատիպ այլ բաներ, տնօրենի աշխատասենյակում իրավիճակը բարդացավ: Լուրջ վիճաբանություն ծագեց կողմերի միջեւ: Իրար դուրս հրավիրեցին՝ առաջարկելով թեման շարունակել դպրոցից դուրս: Քաշքշուկ սկսվեց. «Ես Հովսեփն եմ, հեսա համարս էլ կտամ, կտեսնենք իրար», «Տեսե՛ք ձեր արտադրանքը», «Դո՛ւրս եկեք, դրսում խոսենք, արա՛, դրանց նայեք հլը…»:
Այս իրավիճակում Գ. Դեմիրյանը եւ Ա. Մելքոնյանը փորձում էին հանգստացնել բորբոքված տղամարդկանց: Տիկին Մելքոնյանը հայտարարեց, որ ծնողների դիմումները կներկայացնի Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին. «Մինչ այդ, խնդրում եմ աշակերտների ծնողներին, որ երեխաներին վաղը (արդեն այսօր-Ք. Մ.) բերեն դպրոց: Ցանկանում եմ բոլորի հետ զրուցել, ու դրանից հետո կորոշենք, թե ինչ կլինի»:
«Ժողովուրդ»-ը փորձեց կատարվածի շուրջ լսել նաեւ Հարությունի ծնողներին, սակայն նրա եղբայրը՝ Մակարը, ասաց, որ իրենք կսպասեն իրենց դիմումի ընթացքին եւ քաղաքապետարանի կողմից կայացվելիք որոշմանը, որից հետո կմեկնաբանեն իրավիճակը:
Ծնողներից պարզեցինք, որ դասարանում ստեղծված իրավիճակի հետեւանքով սիրված դերասան Լեւոն Հարությունյանն իր որդուն՝ Դավիթ Հարությունյանին, հանել է դպրոցից:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ