ԿԱՐԵՎՈՐԸ` ԾԱԽՍԵԼ ԵՆ
2013թ. սեպտեմբերի 24-ին Նոյեմբերյան քաղաքում հանդիսավորությամբ բացվեց համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, այլ պաշտոնյաներ: Նախարարը հանդիսավոր կերպով կտրեց կենտրոնի մուտքին կապված կարմիր ժապավենը: Համալիր կենտրոնը գործարկելու նպատակով Նոյեմբերյանի պոլիկլինիկայի նախկին շենքը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով եւ պետբյուջեի ֆինանսավորմամբ վերանորոգվել է, տեխնիկապես հագեցվել: Կենտրոնի գործարկմամբ նույն շենքում տեղավորվել են սոցիալական ծառայությունների Նոյեմբերյանի տարածքային գործակալությունը, զբաղվածության տարածքային կենտրոնը, սոցիալական ապահովության տարածքային կենտրոնը եւ Լոռու մարզի թիվ 3 բժշկական սոցիալական փորձաքննության հիմնարկը (որի գործունեության տարածքը ներառում է նաեւ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանը):
Շենքի բացման ժամանակ նախարար Արտեմ Ասատրյանը, մեր հարցին ի պատասխան, հայտնեց, որ նման կենտրոնների ստեղծման, տեխնիկապես հագեցման համար ծախսվում է 100-150 հազար դոլար: Նշենք, որ այդ կենտրոնի շենքը նոր չի կառուցվել, 1998թ. մինչ օրս այն պետական բյուջեի միջոցներով երկու անգամ նորոգվել է: Պարոն Ասատրյանին հարցրինք, թե ինչպես է լուծվելու կենտրոնի ջրամատակարարման հարցը` հաշվի առնելով Նոյեմբերյանում միքանիժամյա ջրամատակարարումը, չէ՞ որ նորաստեղծ հիմնարկի սանիտարական հանգույցներից օգտվելու են ոչ միայն դրա աշխատակիցները, այլեւ այցելուները, այդ թվում` հաշմանդամներ: Նախարարն ասաց, որ կտեղադրվի ջրի բաք, եւ այդ ձեւով ջրի խնդիրը կլուծվի: Համալիր կենտրոնի գործարկումից անցել է ավելի քան երկու ամիս, սակայն դեռեւս ջրի բաք չի տեղադրվել: Լուծված չէ նաեւ շենքի տանիքից անձրեւաջրերի հեռացման հարցը: Տեղումներից հետո ջրհորդաններից թափվող անձրեւաջրերը լցվում են շենքի հիմքերը` խարխլելով կառույցը: Հավելենք, որ սովորաբար նոյեմբերի 15-ին սկսվող ջեռուցման սեզոնը այստեղ մեկնարկեց տասնօրյա ուշացմամբ. միայն նոյեմբերի 26-ին գործարկվեց համալիր կենտրոնի շենքի ջեռուցման համակարգը: Այն էլ այն պատճառով, որ այդ օրն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ էին եկել համալիրի պայմաններին ծանոթանալու, շենքի հանձնում-ընդունում կատարելու համար: Շենքի բացման օրը` սեպտեմբերի 24-ին, նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին ասաց, որ համալիր կենտրոնը ստեղծվել է սոցիալական ծառայությունների մատուցումը մեկ վայրում իրականացնելու, այդ ծառայություններն ավելի արդյունավետ դարձնելու համար, սակայն մինչ օրս «մեկ պատուհանի» սկզբունքը չի կիրառվում: Նշենք նաեւ, որ համալիր կենտրոնի շենքը ո՛չ հավաքարար ունի, ո՛չ պահակ: Կարեւորն այն է, որ 100-150 հազար դոլարանոց ծրագրի փողերը ծախսել են:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ