Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով երեկ Ազատության հրապարակից բողոքի երթով Բաղրամյան 26 գնացին «Հայ մայրերն արդարություն են պահանջում» ֆեյսբուքյան նախաձեռնության մասնակիցները: «Զարթնի՛ր, նախագա՛հ, մայրն է գալիս, ողբով է գալիս»,-բարձրախոսով հայտարարեց ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը:
Կանանց բողոքի ակցիային միացել էին մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, ՀԱԿ անդամներ, ազատամարտիկներ: Ցուցարարները պահանջեցին, որ Սերժ Սարգսյանը դուրս գա եւ խոսի իրենց հետ, քննարկի ազատամարտիկներին հուզող հարցերը: Սակայն կանանց տեղեկացրին, թե առավելագույնը, որ կարող են անել, նամակների բաժին իրենց պահանջը գրավոր հանձնելն է: Ու թեեւ ցուցարարները նամակ չէին բերել, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը երկու այլ կանանց հետ մտավ նամակների բաժին: Ներսում նրանց առաջարկեցին զրուցել նամակների բաժնի աշխատակից Աիդա Ասատրյանի հետ, սակայն կանայք հրաժարվեցին եւ դուրս եկան: Այնուհետեւ ցուցարարները ոստիկանների հետ հրմշտոցի մեջ մտան, երբ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրահանգեց անցնել դիմացի մայթ, քանի որ նախագահական նստավայրի մոտ կանգնելն արգելվում է:
«Նախագահը տղամարդկություն չունեցավ մեզ դիմավորել, եւ, առհասարակ, իշխանություններից որեւէ մեկը մեզ ուշադրության չարժանացրեց: Այստեղ ո՞ւր է նախագահ, չկա, չունենք, մարդ չէ, ոչ էլ նախագահ է»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված ասաց ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը:
Նշենք, որ ինչպես հայտնեցին ազատամարտիկ տիկնայք, նման երթերը շարունակվելու են: Հաջորդ հանրահավաք-երթը մեկնարկելու է կրկին Ազատության հրապարակից դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ