«Սույն հայտարարությունը ստորագրած ՀՀ քաղաքացիներս, լինելով ՍԴՀԿ հայաստանյան կառույցի արդեն նախկին անդամներ, արձանագրում ենք, որ կառույցի որոշ անսկզբունք եւ պատեհապաշտ անդամների կողմից, որոնք համագործակցաբար գործող ոչ օրինակարգ իշխանությունների հետ շահադիտական մեքենայություններին տուրք տալով, դատական անարդարացի եւ ոչ իրավական վճռի արդյունքում դուրս մղվեցինք նշյալ կառույցի շրջանակներից:
Փաստելով ՍԴՀԿ համաշխարհային կառույցում գոյացած խորը ճգնաժամը, պայմանավորված այդ կառույցի վերնախավի հեռացումը հիմնարար տեսլականներից, ավանդական գաղափարախոսության ուրացմամբ, նեղ նյութական շահերով առաջնորդվող, միմյանց հետ բզկտվող խմբերի առկայությամբ, արձանագրելով, որ ՍԴՀԿ համաշխարհային կառույցում տեղ գտած արատները նպատակաուղղված ներմուծվում են հայաստանյան կառույց, ինչի հետեւանքով այն կորցրել է ինքնուրույնությունը, գաղափարական ավանդական ուղենիշները, սերտաճել է ՀՀ ոչ օրինակարգ իշխանությունների հետ եւ վերածվել վերջիններիս կցորդին: Կրկին հավաստելով խորը հավատարմությունն այն տեսլականներին, որոնք հնչակյանության հիմքն են ողջ աշխարհում, որ կան հնչակյան նվիրյալներ, որպես միասնական հայացքների հետեւորդ եւ պատմաքաղաքական ու գաղափարական ավանդույթների եւ տեսլականների տեր անձինք՝ կարեւորում ենք համախմբումը ներքոհիշյալի շուրջ:
1. Հայաստանի Հանրապետության ստեղծման հռչակումով միջազգային հնչակյանությունը մտավ նոր պատմական ժամանակաշրջան, որի հրամայականն էր դառնալ հայաստանակենտրոն ուժ: ՀՀ-ն է այն առանցքը, որի շուրջ պիտի համախմբվի ողջ հնչակյանությունը, ՀՀ-ի հարատեւումն իր պատմական սահմաններում պիտի լինի գերնպատակ յուրաքանչյուր հնչակյանի համար:
2. Այդ գերնպատակի իրագործման համար ձեւավորված Հնչակյան հայաստանյան կառույցը չպիտի ուղղորդվի որեւէ մեկի կողմից թե՛ դրսից, թե՛ ներսից: Այն չպիտի լինի ինչպես սփյուռքյան վերնախավի կամակատարը, ոչ էլ որեւէ այլ իշխանությունների սպասարկուն:
3. Այդ ինքնուրույնությանը հասնելու համար ՀՀ հնչակյաններն առաջին հերթին պիտի քաջ գիտակցեն, թե որոնք են ՀՀ հիմնարար, առաջնային պետական շահերը եւ ինչպիսի ռազմավարություն ու մարտավարություն է պահանջվում այդ շահերը միջազգային ու ներքին բեմերում պաշտպանելու համար:
4. Մեր բոլոր փորձերը՝ ձեռք բերելու այդ խնդիրների պատասխանները, ՍԴՀԿ ներկա գործող համահնչակյան կենտրոնական վարչության կողմից ամեն կերպ խոչընդոտվեցին Հայաստանի կառույցի պառակտմամբ եւ մեզ այդ կառույցից մեկուսացնելու տեսքով:
5. Քանզի խնդրո առարկան չափազանց արդիական է եւ հրատապ, ազգային-պետական շահը մեր երկրում ամենուրեք փոխարինվում է մանր-մունր կլանային շահադիտական հետաքրքրություններով՝ մենք ձեռնամուխ ենք լինում ստեղծել նոր «Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն», որը, հավատարիմ մնալով հնչակյան դարավոր ավանդույթներին, արդիականացնելով ռազմավարությունը ու մարտավարությունը, կմշակի ժամանակակից հայեցակարգ՝ կոչված թարմ լիցք հաղորդելու ազգային-պետական շահերի բովանդակությանը, ինչպես նաեւ նշյալ շահերի իրագործմանը:
6. Սա է այն այցեքարտը, որով «Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը» մուտք է գործելու քաղաքական դաշտ՝ ձեռք բերելով ինչպես քաղաքական-գաղափարական դաշնակիցներ, այնպես էլ ընդդիմախոսներ»:
Լյուդմիլա Սարգսյան
Գայանե Թորոսյան
Ալբերտ Գաբրիելյան
Վարդան Բաբաջանյան
Ալեքսանդր Ալեքյան
Արմեն Ստեփանյան
Մարտիկ Մինասբեկյան
Դավիթ Ջուվալակյան
Գարիկ Մանուկյան
Գագիկ Հարությունյան
Համբարձում Եղիազարյան
Լեւոն Լալազարյան
Նուբար Բեյլերյան
Արշակ Կիրակոսյան
Նարինե Եղիազարյան