ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ՞Ն

Նոյեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ 51-ամյա արգենտինացի Գուստավո Ալֆարոն համարվում է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն: Նրա գլխավորությամբ արգենտինական «Արսենալ»-ը 2007թ. դարձել է «Սուդամերիկանայի գավաթ»-ի (Հարավային Ամերիկայում հեղինակությամբ երկրորդ ակումբային մրցաշարը) հաղթող: 2012թ. նրա սաները դարձել են Արգենտինայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր, հաղթել են Արգենտինայի առաջնության Կալուսուրայում` երկրորդ շրջանում: «Արսենալ»-ն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 23 պաշտոնական հանդիպում, տարել 9 հաղթանակ, նույնքան հանդիպում ավարտել ոչ-ոքի եւ պարտվել 5 անգամ, մրցակիցների դարպասը գրավել 30 անգամ, սեփական դարպասն ընդունել 29 գնդակ։ Եթե Հայաստանի հավաքականը վերջին տարիներին խաղում է 4-4-1-1, 4-1-4-1 տակտիկական դասավորությամբ, ապա Գուստավո Ալֆարոյի գլխավորած թիմը հանդես է գալիս 4-4-2 դասավորությամբ:

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ

Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հետեւյալ հանդիպումները. «Բազել»-«Չելսի», «Ստյաուա»-«Շալկե-04», «Արսենալ»-«Մարսել», «Բորուսիա»-«Նապոլի», «Զենիթ»-«Ատլետիկո», «Պորտու»-«Աուստրիա», «Սելթիկ»-«Միլան», «Այաքս»-«Բարսելոնա»։
Դորտմունդի «Բորուսիա»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալեց իտալական «Նապոլի»-ին: Երկու թիմերն էլ ներկայումս որոշակի ճգնաժամ են ապրում, ինչի մասին վկայում են նրանց վերջին արդյունքները։ Պաշտոնական վերջին երեք խաղերում «Բորուսիա»-ն պարտվել է, որից վերջինում՝ «Բավարիա»-ի հետ մրցավեճում, խոշոր հաշվով (0:3): Վերջին անգամ դորտմունդցիները երեք խաղում անընդմեջ պարտվել էին 2010թ. հունվար-փետրվարին: Տանտերերի կազմում շարք է վերադարձել Լուկաշ Պիշչեկը, Սեբաստիան Կելը եւս ապաքինվել է: Վնասվածքներ ունեն Նեւան Սուբոտիչը, Մատս Հումելսը եւ Մարսել Շմելցերը: «Նապոլի»-ն էլ վերջին շրջանում չի փայլում: Իտալիայի առաջնության 13-րդ տուրում Բենիտեսի սաները սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեցին «Պարմա»-ին: Մինչ այս խաղը վերջին անգամ «Նապոլի»-ն Նեապոլում պարտվել էր 2012թ. դեկտեմբերին: «Նապոլի»-ի կազմում վնասվածք ունի թիմի առանցքային խաղացողներից Մարեկ Համշիկը: «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խաղից առաջ մասնավորապես ասել է. «Երեք անընդմեջ պարտություն ենք կրել, եւ այնպիսի զգացում ունենք, որ կորցրել ենք այնքան անհրաժեշտ միավորներ։ Բայց այս ամենը լինելու է «Նապոլի»-ի օգտին այն դեպքում, եթե իրենց հետ վատ խաղանք… «Նապոլի»-ն իր հերթին զիջել է «Պարմա»-ին, բայց չեմ կարծում, որ ինչ-որ մեկը սկսի խոսել ճգնաժամի մասին: Մեր մրցավեճը կարելի է կոչել «ճգնաժամային» թիմերի հանդիպում, բայց խաղադաշտում ոչ ոք դա չի տեսնի…»։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս