ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԸ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզում հանքարդյունաբերությունը սարսափելի չափերի է հասնում, ինչի պատճառով վտանգված է ոչ միայն մարզի գյուղատնտեսությունը, այլեւ բնակիչների առողջությունը: Բնապահպաններն արդեն մի քանի տարի է, ինչ այս մասին ահազանգում են: Սակայն ՀՀ բնապահպանության նախարարությունն այդ ահազանգերին արձագանքելու փոխարեն շարունակում է ոսկու հանքերի շահագործման թույլտվություններ տալ:

Նշենք, որ մեր հանրապետությունում պաշտոնապես 19 պոչամբար կա, սակայն բնապահպանները հավաստիացնում են, որ պաշտոնական տվյալները չեն համապատասխանում իրականությանը. պոչամբարների թիվը 30 է, իսկ գործող հանքերինը` 450, որից 22-ը մետաղական են: Մասնագետների կարծիքով` թեեւ ոչ մետաղական հանքերի վրա ուշադրություն չի դարձվում, սակայն եթե դրանք դառնան անկառավարելի, ապա մեծ վտանգ կներկայացնեն ոչ միայն բնության, այլեւ բնակչության համար:
«Կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը համոզված է` եթե այս տեմպերով մարդիկ սկսեն հանքերը շահագործել, ապա մոտ ապագայում` 20-30 տարի հետո, Սյունիքը` որպես երկրամաս, ընդհանրապես որեւէ արժեք չի ունենա, այնտեղ հնարավոր չի լինի ապրել. «Մարդիկ կհեռանան: Օգտակարը տանում են, իսկ միլիարդավոր տոննաների թունավոր պոչհանքը մնում է Հայաստանին: Միայն պղնձի եւ մոլիբդենի հանքաքարը կազմում է 12 մլրդ տոննա: Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ է դա, ինչ ծավալների մեջ պետք է տեղավորեք: Ի՞նչ փոսերի մեջ դրանք պետք է լցվեն: Այսինքն` սյունյաց սարերը դառնալու են հարթավայր, իսկ փոսերը, կիրճերը պետք է լցվեն թափոններով»: Նշենք, որ պոչամբարներն իրենց մեջ պարունակում են ծանր մետաղներ, որոնք օրգանիզմ թափանցելու դեպքում կարող են լուրջ հիվանդություններ առաջացնել` ընդհուպ հանգեցնելով գենետիկական փոփոխությունների:
«Դրանք առաջացնում են տարբեր կարգի հիվանդություններ` սկսած աղեստամոքսային հիվանդություններից, վերջացրած սրտային, օնկոլոգիական հիվանդություններով: Առաջանում են նաեւ տեսողության, լսողության հետ կապված խնդիրներ, նաեւ` ժառանգական փոփոխություններ, ինչի արդյունքում կարող են նաեւ թերի զարգացած երեխաներ ծնվել` հրեշածին»,-զգուշացրեց բնապահպանը: Մեր զրուցակցի խոսքով` նոր հանքավայրերը, որոնք թույլտվություն եւ արտոնություն են ստացել, բազմաթիվ են: Ըստ նրա` միայն Սյունիքի մարզում առաջիկայում կշահագործվի 13-14 նոր հանքավայր:
Իսկ Սիսիանի շրջանում գործող միակ բնապահպանական «Էկո Սիս» հ/կ-ի նախագահ Կամո Սաֆրասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ մարզում հանքարդյունաբերական ծրագրերի թույլտվությունները տրվում են առանց հանրային քննարկումների. «Այս պահին մտահոգությունը Դաստակերտի լեռնահարստացուցիչ պղնձամոլիբդենային կոմբինատի վերագործարկման խնդիրն է: Բնապահպանության նախարարությունից տեղեկացանք, որ թույլտվություն կա, որ նշված կոմբինատի վերագործարկումը 2015թ.-ին է լինելու: Խիստ կասկածում եմ, որ այս առումով հանրային լսումներ են իրականացվել, քանի որ մեզ պարտավոր էին կանչել լսումների, բայց նման բան չի եղել»:
Կ. Սաֆրասյանը ներկայացրեց, որ նման վայրերում սովորաբար հանրային լսումներն անցկացվում են համայնքապետարաններում, որտեղ համայնքապետն ուղղակի աջակցում է հանքը շահագործողներին: «Ոգեւորում են գյուղացիներին` ասելով, թե լավ կլինի, որ այս հանքը շահագործվի, քանի որ աշխատատեղ կստեղծվի: Իսկ բնապահպանական խնդիրների մասին պարզապես չեն տեղեկացնում: Ինչ-որ տեղ բնակիչներն էլ շահագրգռված են, որ աշխատանք լինի, բայց դրա վնասակար արդյունքի մասին չեն տեղեկացվում: Չնայած այս պահին էլ ժողովրդի համար առողջությունից կարեւորն աշխատանքն է»,-մեծ ափսոսանքով նկատեց մեր զրուցակիցը:
«Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ դիմեց ԲՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Արմեն Վարդանյանին, որը խոստացավ անդրադառնալ թեմային եւ պահանջեց հարցերը գրավոր ուղարկել: Առաջիկայում կներկայացնենք ԲՆ արձագանքը մեր գրավոր հարցադրումներին: Իսկ մինչ այդ հարկ ենք համարում նշել, որ պոչամբարների վտանգավորության աստիճանը որոշված չէ, ավելին, անցյալ տարի դրա համար որեւէ գումար մուտք չի գործել ՀՀ պետբյուջե, ինչն արձանագրված է նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի 2012-ի հաշվետվության մեջ: Նշված է նաեւ, որ վտանգավոր թափոններ առաջացնող կազմակերպությունների 79 տոկոսը խախտել է բնապահպանական մի շարք օրենքներ:
Ի դեպ, նոյեմբերի սկզբին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Դեսպանը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 11-13-ը ԵԱՀԿ-ն Սյունիքում կազմակերպում է մարզի ներդրումային համաժողով, որի նպատակն է ներկայացնել մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածի ներդրումային հնարավորությունները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս